Հայկական Վարդավառը, խորովածը եւ ավանդական զգեստները՝ Disney-ի «Միքի Մաուսի Զվարճանքների տունը»/Mickey Mouse Funhouse/ մուլտսերիալում: Անիմացիոն պատմության ամենահայկական դրվագի պրեմիերան տեղի ունեցավ մարտի 1-ին՝ Disney Channel եւ Disney Junior ալիքներով՝ անմիջապես տարածվելով համացանցի հայկական տիրույթում ու դառնալով բազմաթիվ հայերի քննարկման թեման, ովքեր մինչ օրս շարունակում են կիսվել իրենց ոգեւորությամբ:
NEWS.am STYLE-ի հետ բացառիկ զրույցում էպիզոդի հեղինակ Քեթլին Սարնելլի Կապուկչյանը նշեց, որ վաղուց էր ցանկանում գրել հայկական պատմվածք՝ հատկապես 2018 թվականին Հայաստան կատարած այցից հետո, որտեղ ամուսինը (Մանվել Կապուկչյան) ամուսնության առաջարկություն էր արել նրան։
«Մարդիկ, սնունդը եւ ճարտարապետությունը բացարձակապես հիասքանչ էին: Մի օր Գլենդելի այգիներից մեկում տեսա երիտասարդների եւ տարեցների, ովքեր ջուր էին շաղ տալիս միմյանց վրա եւ զվարճանում: Ես ամուսնուս հարցրի, թե այդ ինչ տոն է, եւ նա ինձ պատմեց ու ներկայացրեց Վարդավառի մասին: Երբ արդեն հղի էի, ես հասկացա, որ ցանկանում եմ որդուս ներկայացնել նրա մշակույթը»:
Սերիալում Միքին եւ նրա ընկերները բացահայտում են տարբեր մշակույթներ եւ տոնակատարություններ, ուստի Քեթլինը մտածեց՝ «ինչո՞ւ չանդրադառնալ Վարդավառին»:
«Այն, ինչ ինձ իսկապես տպավորեց այս տոնի մեջ, այն էր, որ այն բացառապես հայկական է: Ես երբեք չեմ տեսել մի տոն, որտեղ երիտասարդներն ու տարեցները հավաքվեն ու այդքան զվարճանան միմյանց վրա ջուր ցողելով»,- ասում է նա:
Դրվագը բազմաթիվ դրական արձագանքներ է ստացել ամբողջ աշխարհում՝ ոչ միայն հայերի կողմից: Գրողը կարծում է, որ բոլոր երեխաները, անկախ ազգությունից, սիրել են այն, քանի որ անիմացիոն այս ֆիլմաշարն ուղղված է տարբեր մշակույթների եւ ավանդույթների ներկայացմանը: «Mickey Mouse Funhouse-ը հիանալի է նրանով, որ մենք ցուցադրում ենք տարատեսակ ավանդույթներ եւ երեխաներին ծանոթացնում նոր ու հետաքրքիր տոների հետ: Վարդավառը կատարյալ տոն էր հայ ժողովրդի զվարճանքն ու երջանկությունը ցուցադրելու համար»:
Աստղիկ աստվածուհու, հայկական տարազ հագած Մինի Մաուսի եւ ավանդական խորովածի կողքին դրվագում կարող ենք տեսնել նաեւ Գառնու տաճարը, որը առանձնահատուկ վայր է Քեթլինի համար, քանի որ հենց այնտեղ է տարիներ առաջ ամուսինը նրան ամուսնության առաջարկություն արել: «Դրվագում ինձ հոգեհարազատ էր Աստղիկը (ջրի, սիրո և գեղեցկության աստվածուհին. հեղ.), որը կրում էր հայկական ավանդական տարազ։ Ինձ դուր է գալիս այն, թե ինչպես մեր թիմը ցուցադրեց այս գեղեցիկ զգեստը։ Այս հագուստն առանձնահատուկ էր ինձ համար, քանի որ երբ տեսնում էի ավանդական հայուհիների պարը, նրանք կրում էին այսպիսի գեղեցիկ տարազներ: Խորովածը, նույնպես, գրեթե բոլոր հայկական միջոցառումներին կա, ուստի մտածեցի, որ զվարճալի կլինի այն ներառել»,-հիշում է գրողը:
«Միքի Մաուսի Զվարճանքների տունը» հեռուստաշոուի պրեմիերան կայացել է 2021 թվականին եւ մեծ պահանջարկի շնորհիվ՝ շարունակվել երկրորդ եւ երրորդ եթերաշրջաններով: Քեթլինը կարծում է, որ անիմացիոն սերիալն առանձնահատուկ է դարձել թիմային աշխատանքի շնորհիվ: «Ֆիլ Վայնշտեյնը (գործադիր պրոդյուսեր), Թոմաս Հարթը (գործադիր պրոդյուսեր) եւ Մարկ Դրոպը (խմբագիր) միշտ քաջալերում էին մեզ՝ թույլ տալով ցուցադրել նոր տոներ եւ գաղափարներ: Միքին եւ նրա ընկերախումբը հայտնի են ամբողջ աշխարհում իրենց բարությամբ եւ բաց լինելով, եւ սա է, կարծում եմ, մեր շոուի հաջողության գրավականը»:
Քեթլինն ասում է, որ մուլտսերիալի պատմություններն ընտրում է՝ հիմնվելով այն փորձառությունների եւ դասերի վրա, որոնք նա սովորել է մանկության տարիներին:
«Ես նաեւ սիրում եմ երեխաներին ծանոթացնել նոր մշակույթների հետ, որոնք նրանք նախկինում չեն իմացել, օրինակ՝ Վարդավառը, կամ՝ Մեռյալների օրը: Նոր մշակույթների մասին գրելը միշտ հաճելի է, եւ ես ինքս էլ սովորում եմ մանրամասներ, որոնց մասին նախկինում չգիտեի: Աստղիկի մասին իմանալն այնքան հուզիչ էր, որ ես, իսկապես, ցանկացա կիսվել նրա պատմությամբ»,-հավելեց նա:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:08, 13 մայիսի
Ինչպես են հարբած բրիտանացի զբոսաշրջիկները փչացնում «Մայորկայի դրախտը»22:15, 13 մայիսի
Սալմա Հայեկը հատուկ կերպարներով է հայտնվել Vogue Arabia-ի 2024 թվականի մայիսի համարի շապիկին21:30, 13 մայիսի
Գիտնականները գտել են ընդամենը 3 րոպեում սառը սուրճ պատրաստելու միջոց20:40, 13 մայիսի
Ինչպես բացահայտել դավաճան ամուսնուն. տեխնոլոգիաները օգնում են19:23, 13 մայիսի
Սաուդյան Արաբիան ցանկանում է «հաղթել» Դուբային՝ կառուցելով աշխարհի ամենաերկար լողավազանը16:23, 13 մայիսի
Լեգենդար Ջուդի Դենչը կդառնա առաջին կինը, ով կմիանա Լոնդոնի տղամարդկանց բացառիկ ակումբին15:22, 13 մայիսի
Քլոե Քարդաշյանը մտածում է նախկին սիրելիից՝ Թրիստան Թոմփսոնից եւս մեկ երեխա ունենալու մասին14:36, 13 մայիսի
Լոնդոնում ջենթլմենների ակումբները քննարկում են այնտեղ կանանց անդամակցությունը14:05, 13 մայիսի
«Հրաշալի երեկո է լինելու»․ Անդրեա Մորիկոնեի ուղերձը՝ Երեւանում Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագրին նվիրված համերգին ընդառաջ13:20, 13 մայիսի
Հոլլի Բերիի սիրելին կիսվել է դերասանուհու համարձակ լուսանկարով12:19, 13 մայիսի
Ջուլիա Ֆոքսը ավելի քան երկու տարի է՝ հրաժարվել է սեռական կյանքից11:57, 13 մայիսի
Անդրեն հերքել է որդի ունենալու լուրերը