Միշտ խանութ գնալիս առաջնորդվել եմ այն սկզբունքով, որ «ինչքան գումար վերցնես, այդքան էլ կծախսես», հետեւաբար մի ցուցակ էի կազմում, որտեղ ընդգրկված էին ամենաանհրաժեշտ ապրանքները, հաշվում էի, թե որքան գումար հարկավոր կլինի (հաշվում էի ամեն կոպեկը, որպեսզի խուսափեմ ավելորդ գնումներ կատարելու գայթակղությունից) եւ շարժվում դեպի խանութ։ Այս անգամ ես փորձեցի այդ նույն ձեւով, ինչպես միշտ, գնալ խանութ, բայց 10% ավելի էի վերցրել՝ հաշվի առնելով, որ Ամանորի նախաշեմին ամեն ինչ թանկանում է։ Բայց... արդյունքում գնեցի ինձ անհրաժեշտ ապրանքների կեսը. ավելին, նույնիսկ եթե ես վերցրած լինեի անգամ իմ տրամադրության տակ եղած ամբողջ գումարը, ապա միեւնույնն է, ես չէի կարողանա գնել այն ամենն, ինչ հարկավոր էր։
Այդ օրը վաղ առավոտից ամեն ինչ կարծես հուշում էր ինձ, որ անհաջող օր է սպասվում։ Սկզբում հանդիպեցի հարեւանուհուս, ով անգամ վերելակին չսպասեց եւ շատ արագ գնաց տուն։ Պարզվեց որ առավոտը լի էր անակնկալներով. տաքսու վարորդը, ով նրան ամեն առավոտ, ըստ պայմանավորվածության, 1500 դրամով տանում էր աշխատանքի, նրան զգուշացրել էր, որ արդեն պետք է 2000 դրամ վճարի... եւ հենց այդ պատճառով էլ նա խելակորույս ետ էր վերադարձել՝ գումարի մնացած մասը տանից վերցնելու համար։ Մյուս հարեւանուհին նույնպես արագ-արագ գնում էր խանութ՝ մայոնեզ գնելու, քանի որ նրան զանգահարել ու ասել էին, որ ընդամենը 3-4 տուփ է մնացել, իսկ վաղն այդ նույն ապրանքն ավելի բարձր գնով կվաճառվի։ Այդ նույն հարեւանուհին դժգոհում էր նաեւ ընկույզի գնից եւ հազիվ զսպեց իր հուզմունքը, երբ ասաց, որ հավանաբար նրանց սեղանին այս տարի հայկական ավանդական «չարազը» չլինի։ Եվ հենց այստեղ ես հասկացա, որ ամենավատը դեռ առջեւում է, բայց որոշեցի չհուսահատվել եւ գնալ ամանորյա գնումներ կատարելու, քանի դեռ ամեն ինչ կորած չէ։ Արդեն երթուղային տաքսու մեջ ես հասկացա, որ շաքարավազը վաճառում են սահմանափակ քանակությամբ՝ ամենաշատը 3կգ.։
Սակայն սահմանափակումը միակ անակնկալը չէր։ Լսեցի գների մասին եւ հասկացա, որ պետք է նաեւ օգտագործեմ իմ 100 դոլար խնայողությունը, որին որոշել էի «ձեռք չտալ» ու պահել, քանի որ մայրս ծննդյանս առթիվ նվիրել էր ինձ։ Մտնելով բանկ՝ հասկացա, որ տարադրամի փոխանակում չեմ կարողանա կատարել, քանի որ դրամարկղի աշխատակցուհին ինձ ասաց, որ պետք է անձնագիր ներկայացնեմ։ Իսկ իմ այն հարցին, թե ինչի համար է անհրաժեշտ անձնագիրը, գանձապահը շատ հանգիստ պատասխանեց, որ փոխարժեքի տատանումների պատճառով նոր կարգ է հաստատվել բանկում՝ անձնագրի առկայությունը պարտադիր է։ Ի դեպ, նա հավաստիացնում էր, որ անձնագիր պահանջում են բոլոր բանկերում։ Անկեղծ ասած՝ ես փորձում էի հասկանալ այս ամենի տրամաբանությունը եւ մեկ այլ հարց էլ տվեցի. արդյոք նրանք պատրաստվում են ետ պահանջել փոխանակված դրամը, եթե դոլարի փոխարժեքը նվազի։ Ի պատասխան իմ հարցին՝ այս կոպիտ գանձապահը հայտարարեց, որ ես բղավել եմ նրա վրա, ինչը չէր համապատասխանում իրականությանը, եւ ասաց, որ եթե անձնագիր չունեմ, ապա չեմ կարող նրան անհանգստացել։ Սակայն ես ցանկություն չունեի տուն վերադառնալ անձնագիրս վերցնելու համար եւ ստիպված գնացի մեկ ուրիշ բանկ, որտեղ պարզվեց, որ այդ աշխատակցուհին ոչ միայն բռի էր, այլեւ խաբեբա, քանի որ այս բանկում առանց որեւէ պահանջի գործարքը կատարեցին։
Ես գնացի իմ սիրելի, ըստ իս՝ ամենաէժան մթերային խանութը Երեւանում։ Ներս մտնելու պես մի մեծ հերթ տեսա։ Կանգնած սպասում եմ իմ հերթին, երբ հանկարծ տեսնում եմ, թե ինչպես է մենեջերը նենգաբար հենց իմ աչքի առաջ փոխում գնապիտակները, բայց ոչ թե պարզապես փոխում է, այլ ԱՆԽՂՃՈՐԵՆ է փոխում։ Օրինակ, կարագի՝ արդեն իսկ բարձրացված 2880դրամ գինը դարձնում է 3350դրամ. էլ չասած մյուս ապրանքների մասին։ Հերթի մեջ կանգնած մարդիկ, ում ներկայությամբ մենեջերը բարձրացնում էր մթերքի գները, պահանջեցին, որ նրանց նախկին գնով ապրանք վաճառեն, բայց անօգուտ. մենեջերը շատ արագ ծլկեց այդտեղից։ Իսկ խանութի աշխատակցուհին էլ դժգոհում էր, որ մարդիկ թանկացումների պատճառով իր հետ շատ «գռեհիկ ու կոպիտ» են խոսում, ասես թե նա է գները բարձրացրել։ Հերթի մեջ կանգնածները սկսեցին բողոքել, որ վարկ են վերցրել Ամանորի սեղան բացելու համար, սակայն դա էլ չի բավականացնում։ Հանկարծ վեճ սկսվեց, եւ ես հեռացա այդ խանութից։ Բայց ուր էլ գնայի նույն պատկերն էր՝ արդարացող վաճառողուհի եւ բարկացած գնորդներ։ Ասեմ, որ ես այդպես էլ չկարողացա շաքարավազ գնել, բայց ոչ թե թանկ էր, այլ պարզապես շաքարավազ չկար. 5կգ շաքարավազից, որը ես երթուղային տաքսու մեջ կրճատել էի 3կգ-ի, կարողացա գնել ընդամենը 200գր.։ Վաճառուհին ասաց, որ դեռ շաքարավազ չեն մատակարարում խանութներին, քանի որ բոլորը սպասում են, որ դրամ/դոլար հարաբերակցությունը հասնի 600-ի։
Եվ հենց ետ դարձի ճանապարհին (ես ստիպված ոտքով էի վերադառնում) ես մտածեցի, որ կարելի է աղանդավոր դառնալ։ Ասում են՝ նրանք տոները չեն նշում...
Այդ պարագայում հնարավոր կլիներ նյարդերը խնայել... ուստի, այդպես էլ կլինի...
Վարդուհի Մ.
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան