ԱՄԷ-ի անշարժ գույքի առաջատար նախագծող London Gate-ը կհամագործակցի շվեյցարական շքեղ ժամացույցների արտադրող Franck Muller-ի հետ՝ հայտնի ժամացույցի ոճով շքեղ երկնաքեր կառուցելու համար: Ասում են, որ այն Դուբայի ամենաբարձր ֆիրմային բնակելի աշտարակը կդառնա (գրեթե 458 մ), որով կնշանավորվի Franck Muller-ի նորաձեւ մուտքը անշարժ գույքի աշխարհ:
«Այս նախագիծը ներկայացնում է աշխարհում Franck Muller-ի առաջին ֆիրմային բնակավայրերը: Այս համագործակցության միջոցով մենք նպատակ ունենք ստեղծել կենդանի փորձ, որն արտացոլում է London Gate-ի եւ Franck Muller ապրանքանիշի արժեքներն ու տեսլականը: Այս բացառիկ բնակելի նախագիծը վկայում է, որ մենք հանձն ենք առնում ստեղծել անզուգական եւ եզակի տարածքներ, որոնք մարմնավորում են մեր գործընկեր ապրանքանիշի էությունն ու հեղինակությունը»,-Khaleejtimes-ին ասել է London Gate-ի գործադիր տնօրեն Էման Թահան:
Տպավորիչ կառույցը կոչվելու է Aeternitas՝ ի պատիվ ընկերության ամենաբարդ ժամացույցներից մեկի, որն ունի 1483 բաղադրիչ: Այն կմրցի Jacob & Co-ի՝ 100-հարկանի Burj Binghatti Jacob & Co Residences-ի հետ, որը գտնվում է Դուբայի սրտում:
«Անշարժ գույքի ոլորտում Franck Muller-ի առաջին համագործակցության մեկնարկը Դուբայի պես համաշխարհային կարգի քաղաքում, որը հայտնի է իր աշխուժությամբ, շքեղությամբ եւ զարգացմամբ, արտասովոր է: Սա նշանավորում է մեր ապրանքանիշի նոր գլխի սկիզբը»,-ասել է Franck Muller-ի գործադիր տնօրեն Էրոլ Բալիան:
Aeternitas-ի շինարարությունը նախատեսվում է սկսել 2024 թվականի հունվարին, իսկ բնակիչներն այնտեղ կկարողանան տեղափոխվել մինչեւ 2026 թվականը: