Դեկտեմբերի 15-ը տարվա ամենա «ոչ սեքսուալ» օրն է

19:28   15 դեկտեմբերի, 2023

Պարզվում է՝ դեկտեմբերի 15-ը տարվա ամենա «ոչ սեքսուալ» օրն է։ Բժշկության առաջատար փորձագետները եկել են այն եզրակացության, որ դեկտեմբերի 15-ին մարդկանց մեծ մասը տրամադրություն չի ունենում սեքսի համար, հայտնում է Daily Mail-ը։

Բժիշկ Բաբաք Աշրաֆին՝ Superdrug Online Doctor-ի փորձագետը, եկել է այս եզրակացությանը՝ վերլուծելով շտապ հակաբեղմնավորման դեղատոմսերի եւ սեռական ճանապարհով փոխանցվող վարակների թեստերի հարցումները։ Նա սա կապում է «ձմեռային հեշտոց» կոչվող երեւույթի հետ: 

«Ջերմաստիճանի անկումը կարող է հանգեցնել մաշկի եւ մազերի չորացմանն ու ջրազրկմանը, սակայն քչերը գիտեն, որ ջերմաստիճանի փոփոխությունը կարող է ազդել նաեւ հեշտոցի վրա»,-բացատրել է Աշրաֆին Daily Mail-ին,-«Մասամբ սա կապված է նաեւ օդում խոնավության պակասի եւ ներքին ջեռուցման օգտագործման ավելացման հետ»,-հավելել է նա,- «Հեշտոցը եւ հարակից տարածքը կարող են չորանալ եւ գրգռվել՝ սեքսի ժամանակ հանգեցնելով անհանգստության»:

Ձմռանը ցերեկային ժամերի կրճատվելը կարող է նաեւ խաթարել ցիրկադային ռիթմերը՝ ներքին «ժամացույցը», որը վերահսկում է քնի ռեժիմը, հորմոնների արտադրությունը, ախորժակը, մարսողությունը եւ մարմնի ջերմաստիճանը: «Արեւի լույսի ավելի քիչ ազդեցությունը եւ տանը ավելի շատ ժամանակ անցկացնելը նույնպես բերում են վիտամինների պակասի, ինչը կարող է հանգեցնել, որ ձեզ ավելի հոգնած զգաք ձմռան ամիսներին»,-շարունակել է Աշրաֆին,-«Քանի որ էներգիայի մակարդակը զգալիորեն նվազում է հոգնածության պատճառով, դա կարող է ազդել ձեր լիբիդոյի եւ սեռական ցանկության վրա»:



© NEWS.am STYLE