Ամանորի համար հատուկ բաղադրատոմս՝ հայտնի ամերիկահայ շեֆ խոհարար Արա Զադայից

21:15   30 դեկտեմբերի, 2023

Ամերկահայ հայտնի շեֆ խոհարար Արա Զադայի ընտանիքում ամանորյա տոնակատարությունները սկսվում են Սուրբ Ծնունդի նախօրեին, որը ԱՄՆ-ում նշվում է դեկտեմբերի 25-ին։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Արան պատմել է, թե ինչպես է անցկացնում տոնը եւ ինչ հատուկ բաղադրատոմս ունի Սուրբ Ծննդի համար։ 

«Մենք ընտանիքով հավաքվում ենք կամ մեր տանը, կամ՝ մայրիկիս, եւ Սուրբծննդյան մեծ խնջույք ենք կազմակերպում՝ ներառելով մի շարք զվարճանքներ, ընտանեկան խաղեր․․․ Իսկ Ամանորը, սովորաբար նույն ձեւ ենք նշում, բայց ավելի շատ՝ ընկերական միջավայրում․ հավաքվում ենք ընկերներից մեկի կամ մեր ընտանիքի անդամներից մեկի տանը եւ տոնում ենք երեխաների հետ՝ ամբողջ գիշեր պարելով, շամպայնի շշերով եւ տոնական փայլերով»,-պատմում է շեֆ խոհարարը։

Ինչպես Հայաաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում, հայերը սիրում են առատ սեղանների շուրջ հավաքվել։ Արայի ընտանիքը բացառություն չէ։ 

«Նախուտեստները միշտ մեծ տեղ են զբաղեցնում: Ընթրիքի սեղանին մենք միշտ ունենում ենք ավանդական ուտեստներ, որոնք դուք պատրաստում եք Հայաստանում՝ տոլմա, սարմա,  իշլի քյուֆթա, եւ մենք անպայման ունենում ենք չի քյուֆթայի մեծ ափսե։ Սովորաբար պատրաստում ենք մեկ հիմնական ճաշատեսակ՝ կամ տավարի մսի (կողային կտոր) տապակ, կամ հնդկահավ, կամ ամբողջական խոզի խորոված: Ջեռուցում պատրստվող տավարի միսն իմ սիրելիներից է եւ նաեւ ամենահեշտ բաղադրատոմսերից մեկն է»։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Ara Zada (@arazada)

Ինչպե՞ս այն պատրաստել․

Անհրաժեշտ է՝

4 ֆունտ տավարի միս (կողային կտոր)
2 շերտ կարագ՝ փափկած
1 ճյուղ հազրեվարդ (ռոզմարին)
1 ճ/գ ուրց
2 ճ/գ աղ
1 ճ/գ պղպեղ

«Ջեռոցը նախապես տաքացրեք մինչեւ 500 աստիճան։ 
Կարագն ու համեմունքները խառնեք իրար։ Կարագի խառնուրդը քսեք ամբողջ մսի վրա, դրեք ջեռոցի հատուկ սկուտեղի մեջ եւ ուղարկեք ջեռոց։ Եփեք 5 րոպե՝ մեկ ֆունտ մսի դեպքում: Այսպիսով, 4 ֆունտի դեպքում եփեք 20 րոպե: Սա է կարեւոր մասը։ Անջատեք ջեռոցը եւ 2 ժամ թողեք մնա այնտեղ՝ առանց դուռը բացելու։ 2 ժամ հետո տապակը հանեք եւ թողեք հանգստանա 15-20 րոպե։Դուք կունենաք կատարյալ պատրաստված Med-Rare ուտեստ: Վայելեք այն»։



© NEWS.am STYLE