Zaha Hadid Architects-ն ավարտել է երկնաքերի կառուցումը աշխարհի ամենաթանկ վայրում

20:22   9 հունվարի, 2024

Նոր լուսանկարներում երեւում է Zaha Hadid Architects-ի The Henderson օֆիսային կառույցի ապակե ճակատամասը, որը վեր է խոյանում Հոնկոնգի կենտրոնական բիզնես թաղամասում, գրում է Dezeen.com-ը։

36-հարկանի երկնաքերի կառուցումը մոտենում է ավարտին եւ արդեն համարվում է քաղաքի նոր տեսարժան վայրը՝ գրավելով իր պատվավոր տեղը Chater Garden-ի, IM Pei's Bank of China Tower-ի եւ Foster + Partners-ի HSBC շենքի կողքին:

заха1-1.jpg (119 KB)

Մյուռեյ-ռոուդ 2 հասցեում գտնվող տարածքն աշխարհի ամենաթանկ վայրն էր, երբ այն 2017 թվականին՝ մեկ քառակուսի մետրի համար 764,000 ֆունտ ստեռլինգով, ձեռք բերեց անշարժ գույքի կառուցապատող Henderson Land-ը:

«Այս գույքը ստեղծելիս մենք գիտեինք, որ պետք է ստեղծել ինչ-որ արտասովոր եւ եզակի բան, որը հեռանկարային կլիներ եւ կհամապատասխաներ 21-րդ դարին»,-ասել է Zaha Hadid Architects-ի տնօրեն Պատրիկ Շումախերը,-«Մենք հավակնություն ունեինք ստեղծելու ճարտարապետության հատուկ օրինակ, որը կնկատվեր եւ մեծ աղմուկ կբարձրացներ ամբողջ աշխարհում»:

Շենքին օրգանիկ կառուցվածք են հաղորդել հոնկոնգյան խոլորձի բողբոջները, որոնք զարդարում են քաղաքի դրոշը՝ նկատելի հակադրություն ստեղծելով մոտակայքում գտնվող ավելի ավանդական երկնաքերերի հետ:

Դրա կոր ծավալները միավորվում են՝ ձեւավորելով ալիքաձեւ ճակատ:

заха2.jpg (113 KB)

Շենքի կորպուսը կմիանա Հոնկոնգի բարձրադիր անցուղիների ցանցին, որը տանում է ուղիղ դեպի հասարակական տրանսպորտի երկու կայաններ (MTR) եւ Chater Garden-ի կանաչ այգի:

Ընդօրինակելով օրգանական ձեւերը եւ բնությունը շենք բերելով (երկու բաց պատշգամբների եւ փակ «երկնային» այգու միջոցով)՝ Zaha Hadid Architects-ն ասում է, որ ցանկանում է, որ The Henderson-ը դառնա հանրային այգու շարունակությունը։ 

заха3.jpg (95 KB)

Երկնային այգին կունենա նաեւ վազքուղի, իսկ վերին հարկի բանկետների սենյակը կբացի տեսարաններ դեպի քաղաք եւ Վիկտորիա նավահանգիստ: Գրասենյակն ունի բաց, առանց սյուների հատակագիծ, որը հենվում է վեց «մեգա-սյուներով» եւ միակողմանի պողպատե միջուկով:

Սեպտեմբերի դրությամբ վարձակալվել է շենքի գրասենյակային տարածքի միայն կեսը, որի մեջ մտնում են շվեյցարական ժամացույցների Audemars Piguet ապրանքանիշը եւ Christie's աճուրդի տունը:

Zaha Hadid Architects-ը բրիտանա-իրաքցի հանգուցյալ ճարտարապետ Զահա Հադիդի արվեստանոցն է, որը նա հիմնադրել է 1979 թվականին։ Այսօր այն գլխավորում է Շումախերը։



© NEWS.am STYLE