«Միսս Ճապոնիան» հրաժարվել է իր տիտղոսից՝ ամուսնացած տղամարդու հետ սիրավեպի պատճառով

13:17   7 փետրվարի, 2024

«Միսս Ճապոնիա» մրցույթի արտասահմանյան ծագում ունեցող հաղթողը հրաժարվել է իր տիտղոսից այն բանից հետո, երբ թերթերից մեկը գրել է ամուսնացած տղամարդու հետ նրա սիրավեպի մասին, հաղորդում է BI-ն։

26-ամյա մոդել Քերոլայն Շիինոն դարձել է եվրոպական ծագումով առաջին կինը, ով հաղթել է հունվարի 22-ին կայացած գեղեցկության ազգային մրցույթում։ Նա ծնվել է Ուկրաինայի Տերնոպոլ քաղաքում եւ Ճապոնիայի քաղաքացի է դարձել 2022 թվականին՝ հինգ տարեկանում մայրիկի հետ երկիր տեղափոխվելուց հետո, երբ մայրն ամուսնացել է ճապոնացու հետ։

Շիինոյի հաղթանակը հակասություններ է առաջացրել սոցցանցերի օգտատերերի շրջանում:

Ոմանք մրցույթի կազմակերպիչներին մեղադրել են ազգը «սպիտակեցնելու» մեջ։ Մյուսները ենթադրել, որ Շիինոյի հաղթանակը կարող է առիթ հանդիսանալ վիճարկելու ավանդական գաղափարներն այն մասին, թե ինչ է նշանակում լինել ճապոնացի:

Այնուամենայնիվ, Շիինոյի ժառանգության մասին խոսակցությունները կտրուկ դադարեցին, երբ նա հայտարարեց իր տիտղոսից հրաժարվելու մտադրության մասին: Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ տեղական տաբլոիդ Shukan Bunshun-ը հայտնել է, որ նա հարաբերությունների մեջ է ամուսնացած տղամարդու հետ:

Ինչպես հաղորդում է BBC-ն, «Միսս Ճապոնիա» ասոցիացիան սկզբում պաշտպանել է Շիինոյին եւ ասել, որ նա չգիտեր, որ տղամարդն ամուսնացած է: Բայց հետո հրաժարվել է նախորդ հայտարարությունից՝ ասելով, որ մոդելը խոստովանել է, որ հենց սկզբից իմացել է, որ իր սիրելին ամուսնացած է։

Շիինոն ասել է, որ հրաժարվում է իր կոչումից եւ զղջում է իր պատճառած «հսկայական անախորժությունների» եւ իրեն աջակցողներին հիասթափեցնելու համար:

Ինչպես նշում է The Japan Times-ը, մոդելը քննադատության է ենթարկվել որոշ մարդկանց կողմից, ովքեր պնդում են, որ նա չի ներկայացնում «իսկական ճապոնական գեղեցկությունը», ինչը «Միսս Ճապոնիա» ասոցիացիայի նպատակն է:

Մինչդեռ մյուսները հետաքրքրված էին՝ արդյոք Շիինոն չի՞ խոչընդոտում ավանդական ճապոնական գեղեցկության չափանիշների առաջմղմանը:

«Եթե «Միսս Ճապոնիա» մրցույթը հիմնված է գեղեցկության հայեցակարգի վրա, ես անձամբ կցանկանայի, որ այն հիմնված լիներ ճապոնական գեղեցկության չափանիշների վրա»,-X-ում գրել է պատմաբան Հիրո Յամաշիտան:

Կա նաեւ մշակութային ինքնության խնդիր։ Թեեւ Շիինոն Ճապոնիայում ավելի քան 20 տարի է ապրել, նա նշել է, որ իրեն քաղաքացի չի զգացել, մինչեւ չի հաղթել մրցույթում:

Իր ողջույնի խոսքում մոդելն ասել է, որ կային «ռասայական խոչընդոտներ» եւ «դժվար էր ընդունվել որպես ճապոնուհի»:



© NEWS.am STYLE