Ակտիվ եւ հաճախակի սեքսը հիվանդությունների կանխարգելման բանալին է

23:21   21 փետրվարի, 2024

Օրգազմը լավ է առողջության համար։ Մոռացեք դեղերի մասին․ ակտիվ եւ հաճախակի սեքսը կարող է լինել հիվանդությունների կանխարգելման բանալին, ասում է չինացի բժիշկ Նինա Չենգը, որին մեջբերում է NYP-ն։

Նրա խոսքով՝ կանոնավոր սեքսը կարեւոր է առողջության համար։ «Գիտե՞ք, որ չինական ավանդական բժշկությունը հիվանդության պատճառ է համարում անբավարարությունը: Թեեւ ավանդական չինական բժշկությունը հաճախ զգուշացնում է չափից ավելի սեռական ակտիվության հնարավոր հետեւանքների մասին, շատերը չեն գիտակցում, որ անբավարար սեքսը նույնպես հիվանդության պատճառ է համարվում»,-TikTok-ում իր հրապարակման մեջ նշել է նա։

Այսպիսով, որքա՞ն հաճախ է պետք սիրով զբաղվել՝ հիվանդություններից խուսափելու համար: Ի պատասխան՝ Չենգը մեջբերել է սեքսոլոգիական տեքստը՝ «Սու Նու Ցզին», որը գրվել է 2000 տարի առաջ։

Ըստ այդ աղբյուրի՝ 20-ն անց մարդիկ ամենից հաճախ պետք է սեռական հարաբերություն ունենան՝ չորս օրը մեկ: 30-ն անցները՝ ութ օրը մեկ, իսկ 40 տարեկանները՝ 16 օրը մեկ։ Տեքստում նշվում է նաեւ, որ 50-ն անց մարդիկ պետք է սեռական հարաբերություն ունենան երեք շաբաթը մեկ անգամ (21 օր): Եթե չունեք զուգծընկեր, խուճապի մի մատնվեք: Ինքնաբավարարումը նույնքան լավ է հիվանդությունների կանխարգելման համար՝ քանի դեռ օրգազմ եք ապրում:

Այնուամենայնիվ, բժիշկներն ասում են, որ տղամարդիկ եւ կանայք պետք է օրգազմ ապրեն ավելի հաճախ, քան նշվում է «Սու Նու Ցզին»-ում: Հարվարդի համալսարանի հետազոտությունները ցույց են տվել, որ տղամարդկանց համար հաճախակի սերմնաժայթքումը կարող է լինել շագանակագեղձի քաղցկեղի կանխարգելման բանալի: Մոտ 32,000 տղամարդկանց շրջանում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ սեռական ակտիվության բարձր մակարդակը կարող է 33%-ով նվազեցնել շագանակագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը։ Հետազոտողները նշում են, որ սերմնաժայթքման օպտիմալ թիվը ամսական 21-ն է, կամ՝ շաբաթական ավելի քան հինգ անգամ։

Մինչդեռ կանայք պետք է բավարարության հասնեն գրեթե երկու օրը մեկ: Ամերիկացի բժիշկ Անդրեա Փենինգթոնն ավելի վաղ բրիտանական This Morning թոք շոուին ասել էր, որ կանայք պետք է շաբաթական առնվազն երեք օրգազմ ապրեն։



© NEWS.am STYLE