Բրիտանահայ դերասան Կոսմո Ջարվիսը Ռոբերտ Դե Նիրոյի հետ կնկարահանվի քրեական դրամայում

17:55   13 մարտի, 2024

Բրիտանացի հայազգի դերասան Կոսմո Ջարվիսը Ռոբերտ Դե Նիրոյի կողքին կխաղա Բարրի Լեւինսոնի «Ալտո ասպետներ» գանգստերական դրամայում, որում կմարմնավորի գլխավոր դերերից մեկը, հայտնում է Armenian Film Society-ն։

Կոսմո Ջարվիսը, որի լրիվ անունը Հարիսոն Կոսմո Կրիկորյան Ջարվիս է, ներկայումս նկարահանվում է Hulu-ի եւ FX-ի պատմական դրամայում՝ Shogun սերիալում:

«Ալտո ասպետները»/Alto Knights/ պատմում է Վիտո Ջենովեզեի եւ Ֆրենկ Կոստելոյի (մարմնավորում է Ռոբերտ Դե Նիրոն)՝ իտալա-ամերիկյան հանցագործ զույգի մասին, որոնք ղեկավարում են երկու առանձին հանցագործ կլաններ: 1957 թվականին Վիտո Ջենովեզեն փորձում է սպանել Ֆրենկ Կոստելլոյին, ով, ի վերջո, վիրավորվում է եւ որոշում հեռանալ մաֆիայից։

Կոսմո Ջարվիսը կմարմնավորի Վինսենթ Գիգանտեին, որը հայտնի է, որպես «Չին», ով 1981-ից 2005 թվականներին Նյու Յորքում Ջենովես հանցագործ ընտանիքի ղեկավարն էր։

Ֆիլմի թողարկումը նախատեսված է 2025 թվականի մարտի 21-ին։



© NEWS.am STYLE