Կոպենհագենի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնում կկայանա Ալեքսիս Պազումյանի «Սեւ այգի» ֆիլմի պրեմիերան

13:59   20 մարտի, 2024

Ֆրանսահայ լուսանկարիչ եւ ռեժիսոր Ալեքսիս Պազումյանի «Սեւ այգի» վավերագրական ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Կոպենհագենի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի շրջանակում, հայտնում է Armenian Film Society-ն։

«Սեւ այգին» պատմում է Լեռնային Ղարաբաղում պատերազմի անորոշության մեջ հայտնված երեք սերունդների մասին։ Վավերագրական ֆիլմը նվիրված է Լեռնային Ղարաբաղի Թալիշի հայ համայնքում ապրող երեխաներին՝ Սամվելին եւ Ավոյին, երիտասարդ զինվոր Էրիկին, փայտահատ եւ պատերազմի վետերան Կարենին: Գլխավոր հերոսները պատերազմից հետո փորձում են հաշտվել նոր իրականության հետ՝ Էրիկը վիրավորվում է, Կարենը փախչում է Ստեփանակերտ, իսկ Սամվելի եւ Ավոյի ընտանիքները ապաստան են փնտրում Երեւանում։

«Ֆիլմի իրադարձությունները, հիմնականում, տեղի են ունենում Հայաստանում, քանի որ իմ հերոսների մեծ մասն այժմ արտաքսված է, բայց ես նաեւ ցույց եմ տալիս նրանց հայրենիքը՝ Լեռնային Ղարաբաղը։ Մենք տեսնում ենք այն, ինչ մնացել է նրանից՝ անապատային ու անդեմ տեսարաններ եւ կորսված հոգիներ՝ ինչպես Կարենի հոգին, որը ստեփանակերտցի փախստական է։  Այս տարածքը բաց վերք է հերոսների համար: Սա նրանց մութ ու սիրելի հողն է՝ նրանց սեւ այգին»։

Ֆիլմի միջազգային իրավունքների կարգավորմամբ զբաղվում է Տորոնտոյի Syndicado Film Sales-ը:



© NEWS.am STYLE