Hermès-ի Birkin պայուսակների գինը կարող է կրկնապատկվել 5 տարվա ընթացքում, եւ սա ավելի լավ ներդրում է համարվում, քան ոսկին

16:26   1 ապրիլի, 2024

Hermès-ի Birkin շատ բաղձալի  պայուսակն էլ ավելի բաղձալի է դառնում, քանի որ ընդամենը հինգ տարում դրա արժեքը կրկնապատկվել է:

OpenLuxury հարթակի հիմնադիր Ջեյմս Ֆեյրշտեյնը Fortune-ին ասել է, որ սա գնի ամենասուր աճն է, որը երբեւէ տեսել է․ Black Togo 30 Birkin-ի գինը հինգ տարում կրկնապատկվել է:

Նշվում է, որ Black Togo 30-ի գինը վերավաճառքի հարթակներում բավական տատանվում է՝ կախված պայուսակի վիճակից, մետաղական սարքավորումների տեսակից եւ դրա գնման տարուց։

Այնուամենայնիվ, սովորաբար, մեկ տասնամյակ է պահանջվում, որպեսզի Birkin-ի գինը կրկնապատկվի: «Ես գիտեմ մի քանի դեպքերի մասին, երբ մարդիկ կրկնակի գումարով են գնել պայուսակներ 10 տարի առաջ, եւ այսօր դրանք անթերի վիճակում են վերավաճառում»,-ասել է Ֆայրեստեյնը: «Birkin եւ Kelly պայուսակների վերավաճառքի գինը, վերջին 10 տարիների ընթացքում, գերազանցել է ոսկու գնին»,-հավելել է նա:

Credit Suisse-ի եւ Deloitte-ի զեկույցի համաձայն՝ միայն 2020 թվականին, երբ շքեղ ապրանքների շուկան կանգ էր առել COVID-ի պատճառով, Birkin պայուսակները 38%-ի տպավորիչ եկամտաբերություն են ունեցել:

Արդյունքում, Ֆեյրշտեյնը կարծում է, որ Birkin-ի գնորդների 25%-ը պահում է պայուսակները որպես ներդրում, իսկ մնացած 75%-ն օգտագործում է դրանք, հայտնում է Fortune-ը։

Գնորդների մեծամասնությունը դիմում է երկրորդային շուկա՝ Birkin պայուսակներ գնելու համար, հիմնականում այն ​​պատճառով, որ ուղղակիորեն Hermès-ից շքեղ ապրանք գնելը կարող է ժամանակատար գործընթաց լինել, որը չի երաշխավորում, որ գնորդները կստանան իրենց ուզած մոդելը:

Hermès-ը ամբողջ աշխարհի խանութներին եւ բուտիկներին թույլ է տալիս  սեզոնին պահեստավորել որոշակի քանակությամբ Birkins պայուսակներ, թեեւ դրանց գույնն ու չափը, Sotheby’s-ի տվյալներով, հազվադեպ են նախապես հայտնի լինում։ 

Արդյունքում, Birkins-ը ամենից հաճախ վաճառվում է շատ ավելի թանկ, քան 12,000 դոլլարը, որը դրա մեկնարկային գինն է:

Ըստ Sotheby's-ի, որը ադամանդապատ Himalaya Birkin 30-ը վաճառել է 450,000 դոլարով, գինը, հիմնականում, ձեւավորվում է պայմանավորված մոդելի սակավությամբ․ ավելի տարածված մոդելները, սովորաբար, արժեն 25,000-ից 30,000 դոլար:



© NEWS.am STYLE