Տղամարդն իրեն մեղավոր է ճանաչել 6 միլիոն դոլար արժողությամբ ոսկե զուգարանի գողության մեջ

20:13   5 ապրիլի, 2024

Տղամարդն իրեն մեղավոր է ճանաչել 18 կարատանոց ոսկուց պատրաստված եւ ավելի քան 6 միլիոն դոլար արժողությամբ զուգարանի գողության մեջ, որը գտնվում էր այն տանը, որտեղ ծնվել էր Ուինսթոն Չերչիլը:

39-ամյա Ջեյմս Շինն իրեն մեղավոր է ճանաչել Օքսֆորդի Թագավորական դատարանում, հաղորդում է բրիտանական PA Media գործակալությունը՝ հղում անելով Թագավորական դատախազության ծառայությանը:

Զուգարանը Բլենհայմ պալատում տեղադրվել էր 2019 թվականին՝ իտալացի նկարիչ Մաուրիցիո Կատելանի «Հաղթանակը տարբերակ չէ» ցուցահանդեսի շրջանակում:

«Ամերիկա» վերնագրով արվեստի արտասովոր նմուշը գողացվել է 2019 թվականի սեպտեմբերին՝ ցուցահանդեսի բացումից ընդամենը օրեր անց։ Այն միացված է եղել շենքին, ուստի գողությունը նաեւ հանգեցրել է զգալի վնասների եւ ջրհեղեղի, այն ժամանակ հայտնել էր ոստիկանությունը:

Շինը դատարան է ներկայացել Ֆայվ Ուելս բանտից՝ տեսակապի միջոցով։ Այնտեղ նա կրում է 17 տարվա պատիժ՝ տարբեր գողությունների համար։ Ի թիվս այլ բաների, նա մեղադրվում է նաեւ Նյումարքեթի մրցարշավների ազգային թանգարանից տրակտորներ եւ արժեքավոր գավաթներ գողանալու մեջ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 503,000 դոլար:



© NEWS.am STYLE