Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

20:07   8 ապրիլի, 2024

Երբ ուզում եմ ջերմություն եւ ժպիտ, դիտում եմ բլոգեր Մայիս Վարդանյանի տեսանյութերը։ Կարեւոր չէ, թե ինչ է նա տալիս անցորդներին՝ ծաղիկներ, քաղցրավենիք, թե ուտելիք, հոգումս անմիջապես թեթեւություն է տիրում, իսկ շուրթերիս՝ ժպիտ։ Այդ պատճառով ես շատ ոգեւորվեցի, երբ Մայիսը համաձայնվեց օրն անցկացնել ինձ հետ եւ պատասխանել մի քանի հարցի։ Նրա թիմի հետ միասին մենք դուրս եկանք Երեւանի փողոցներ՝ որսալու կանանց ժպիտները ապրիլի 7-ին՝ Մայրության և գեղեցկության տոնին: Կանայք մասնակցեցին նրա հերթական խաղիին եւ որպես նվեր ստացան շշմեցնող վարդերի փունջ։ Իհարկե, տարբերակները շատ էին, ուստի ոչ ոք առանց ծաղիկների չմնաց։ Զվարճալի էր, մենք շատ ծիծաղեցինք ու կատակեցինք։

Բայց ամենակարեւորը այն կանանց դեմքերն էին, որոնք ժպտում էին միայն Մայիսին տեսնելով, որի անկեղծությունը, պարզությունն ու անմիջականությունը կարող են ժպիտ «պոկել» նույնիսկ «երկաթե լեդիների» դեմքից։ Պարզվեց՝ բարիք գործելը հեշտ է եւ հաճելի։ Ինքը՝ Մայիսը, ով սոցցանցերում արդեն ունի ավելի քան 500.000 բաժանորդ, մտադիր չէ դրանով կանգ առնել եւ ցանկանում է մեծամասշտաբ գործունեություն ծավալել։ «Ես ուզում եմ օգնել մարդկանց, ովքեր, իսկապես, կարիքի մեջ են: Ես ուզում եմ բնակարան կամ մեքենա խաղարկել, բայց այնպես, որ այն գնա նրան, ով իսկապես դրա կարիքն ունի»։ Նա նաեւ նախատեսում է ընդլայնել իր լսարանը՝ իր տեսահոլովակները ներկայացնելով նաեւ անգլերենով եւ իսպաներենով, քանի որ նրա տեսանյութերն արդեն դիտվում են, իսկ նրա մարտահրավերներին արձագանքում են աշխարհի շատ երկրներից:

Մայիսը խոստովանում է, որ ծաղիկների գաղափարն առաջացել է մոր շնորհիվ։ «Առաջին հարկում 24-ժամյա ծաղկի խանութ ունեինք, ու ամեն անգամ տուն վերադառնալիս մորս ծաղկեփունջ էի գնում։ Եվ այդ հույզերը հրճվանքը, ուրախության արցունքները փշաքաղաեցնող էին: Դա, պարզապես, անհավանական բան է: Այդպես առաջացավ այս գաղափարը։ Եվ ես նկատեցի, որ կանայք միշտ նույնկերպ են արձագանքում ծաղիկներին։ Նույնիսկ եթե կնոջը նվիրեք ամենաթանկ շոկոլադների տուփը, նա նույն կերպ չի արձագանքի, ինպես մեկ պարզ վարդին»,-նշում է Մայիսը, ով այս ընթացքում նաեւ լավ հոգեբան է դարձել։ Նա, գրեթե, ճշգրտությամբ որոշում է, թե ինչպես կարձագանքի այս կամ այն ​​մարդը։

«Ամեն օր տարբեր մարդիկ տարբեր հույզեր են ունենում»,-ասում է նա։ Մայիսը վստահ է, որ կարող ես հասնել ամեն ինչի, եթե դա, իսկապես, ցանկանաս, եւ որ ամենակարեւորն է՝ անկեղծ լինես։ «Եթե ինչ-որ բան անում ես անկեղծորեն, ամբողջ սրտով, այն չի կարող ձախողվել: Սա է հաջողության բանալին»:

Երեւանի փողոցներում Մայիսն արդեն ճանաչված է։ Շատ կանայք նրան տեսնելուն պես ժպտում էին ու խնդրում լուսանկարվել։ «Երբ ես սկսեցի տեսանյութեր պատրաստել, իմ ուղերձն այն էր, որ մարդիկ ավելի շատ բարություն տեսնեին»: Մայիսի անկեղծությունն ու անմիջականությունը չեն կարող սրտեր չշահել, եւ այս աշխարհը մի փոքր ավելի բարի դարձնելու նրա հուզիչ ցանկությունը հիացմունք է առաջացնում, հատկապես մեր դժվարին ժամանակներում, երբ բոլորս ջերմության եւ լույսի կարիք ունենք: Իսկ Մայիսն ապացուցում է, որ դա հնարավոր է՝ թեկուզ կարճ ժամանակով․ անծանոթի հպանցիկ ժպիտը կարող է բարձրացնել տրամադրությունը եւ էներգիա տալ ողջ օրվա համար։ Սեփական փորձիցս եմ ասում:

Բարին գործեք ու ժպտացեք:

 Հարգանքներով՝ Տիհանա։

P.S. Մանրամասները՝ մեր վիդեո ռեպորտաժում։



© NEWS.am STYLE