Իտալական ռեստորանը մեկ շիշ անվճար գինի է առաջարկում այն հաճախորդներին, ովքեր հրաժարվում են իրենց բջջային հեռախոսներից

22:24   16 ապրիլի, 2024

Իտալական ռեստորանը մեկ շիշ անվճար գինի է առաջարկում հաճախորդներին, ովքեր ճաշի ժամանակ հրաժարվում են բջջային հեռախոսներից, գրում է The Guardian-ը։

Վերոնայում գտնվող Al Condominio ռեստորանի սեփականատեր Անջելո Լելլան ասում է, որ նպատակն է խրախուսել ընթրիքի մասնակիցներին զրուցել միմյանց հետ, այլ ոչ թե անընդհատ նայել իրենց հեռախոսներին:

«Մենք ցանկանում էինք բացել մի ռեստորան, որը կտարբերվեր»,-պատմում է նա:

«Ահա, թե ինչու մենք ընտրեցինք այս ձեւաչափը՝ հաճախորդները կարող են հրաժարվել տեխնոլոգիայից՝ վայելելով միասին հաճելի պահը: Տեխնոլոգիան դառնում է խնդիր՝ կարիք չկա ամեն հինգ վայրկյանը մեկ նայել հեռախոսին, բայց շատերի համար դա թմրանյութի պես բան է... Այսպիսով, նրանք հնարավորություն ունեն այն վայր դնել եւ լավ գինի խմել»:

Մարդկանց հնարավորություն է տրվում

հեռախոսը թողնել մուտքի մոտ՝ փակ տուփի մեջ, որից հետո նրանք բանալին ցույց են տալիս մատուցողին, ով նրանց մատուցում է մի շիշ գինի։

Հաճախորդները կարող են նաեւ կարծիք գրել իրենց ուտեստի վերաբերյալ եւ թողնել այն տուփի մեջ: Նրան, ով կթողնի ամենախանդավառ ակնարկը, հաջորդ այցելության ժամանակ ճաշ կառաջարկվի:

«Արձագանքը շատ դրական էր», -ասում է Լելլան,-«Հաճախորդների 90 տոկոսը նախընտրում է թողնել հեռախոսները գինու դիմաց: Իսկապես, հաճելի է տեսնել, թե ինչպես են մարդիկ ընդունում սա. նրանք խոսում են միմյանց հետ, այլ ոչ թե նայում լուսանկարներին կամ պատասխանում հաղորդագրություններին»:

Al Condominio-ն համարվում է Վենետո տարածաշրջանում առաջին ռեստորանը, որը նման նախաձեռնություն է ցուցաբերել, թեեւ Իտալիայում կան նաեւ այլ նման ռեստորաններ, այդ թվում՝ Separè 1968-ը՝ Տոսկանայում, որը կտրոններ է առաջարկում հաճախորդներին, ովքեր հրաժարվում են իրենց հեռախոսներից:



© NEWS.am STYLE