Ուինսթոն Չերչիլի դիմանկարը, որը դուր չէր գալիս բրիտանացի առաջնորդին, աճուրդի կհանվի

15:28   17 ապրիլի, 2024

Ուինսթոն Չերչիլի դիմանկարը, որը դուր չէր գալիս բրիտանացի առաջնորդին, աճուրդի կհանվի։ Մոդեռնիստ նկարիչ Գրեհեմ Սաթերլենդի նկարն արվել էր ավելի մեծ դիմանկարի նախապատրաստման համար, որը Չերչիլն ատում էր, եւ այն հետագայում ոչնչացվել է, հայտնում է AP-ն:

Պահպանված էսքիզում, որն արված է կտավի վրա՝ յուղաներկով, պատկերված է Չերչիլի գլուխը՝ պրոֆիլից եւ մուգ ֆոնի վրա։ Ակնկալվում է, որ աշխատանքը հունիսի 6-ին Լոնդոնի Sotheby's աճուրդում կվաճառվի 500-800 հազար ֆունտ ստեռլինգով (622-995 հազար դոլար):

Խորհրդարանի պալատը 1954 թվականին էր հանձնարարել Սաթերլենդին նկարել Չերչիլին՝ նրա ծննդյան 80-ամյակի առթիվ։ Ամբողջական դիմանկարը ներկայացվել էր նույն թվականին, սակայն Չերչիլը սարկազմով այն անվանել էր «ժամանակակից արվեստի նշանավոր գործ»։ Նշվում է, որ Չերչիլը բողոքել է, քանի որ կարծել է,  որ նկարում ինքը «խելագարի» տեսք ունի։ Նկարը ուղարկել են նրա տուն եւ այլեւս ոչ ոք այն չի տեսել: Տարիներ անց Չերչիլների ընտանիքը հայտնել էր, որ այն ոչնչացվել է։

Դրա ճակատագիրը գեղագիտական հնչերանգով  վերստեղծվել էր «Թագը» սերիալի մի դրվագում, որտեղ Չերչիլի կինը՝ Կլեմենտինը, դիտում էր, թե ինչպես է նկարն այրվում:

Sotheby's-ը նկարը ցուցադրել է Բլենհայմ պալատի այն սենյակում, որտեղ 150 տարի առաջ ծնվել էր Չերչիլը: Նկարը կցուցադրվի նաեւ Sotheby's-ի Նյու Յորքի գրասենյակներում՝ մայիսի 3-ից 16-ը, եւ Լոնդոնում՝ մայիսի 25-ից հունիսի 5-ը:



© NEWS.am STYLE