Սթիվեն Սփիլբերգը ֆիլմ է նկարահանում ՉԹՕ-ի մասին

14:36   18 ապրիլի, 2024

Սթիվեն Սփիլբերգը պատրաստվում է վերադառնալ գիտաֆանտաստիկայի աշխարհ. օսկարակիր ռեժիսորը «ՉԹՕ-ի մասին ֆիլմ է նկարահանում սեփական գաղափարի հիման վրա», հայտնում է Variety-ն։

Նշվում է, որ Սփիլբերգն աշխատում է սցենարիստ Դեյվիդ Քոեփի հետ, որի հետ համագործակցել է նաեւ 1993 թվականի «Յուրայի ժամանակաշրջանի այգին» ֆիլմի շրջանակում։

Թեեւ առաջիկա ֆիլմի անվանումը դեռ հաստատված չէ եւ մանրամասները քիչ են, հայտնի ռեժիսորի եւ սցենարիստի վերամիավորումը, անշուշտ, մեծ սպասումներ է առաջացնում:

Հատկանշական է, որ Քոեփն աշխատում է նաեւ «Յուրայի ժամանակաշրջանի աշխարհը» ֆրանշիզայի առաջիկա մասի շուրջ, որը նախատեսվում է թողարկել հաջորդ տարի:

Ռեժիսորը ՉԹՕ-ի մասին լիարժեք ֆիլմ չէր նկարահանել 1977 թվականի «Երրորդ կարգի սերտ շփումներ» ֆիլմից հետո, որը համարվում է այլմոլորակայինների մասին ամենաազդեցիկ պատմություններից մեկը:

Ֆիլմը ստացել է «Օսկարի» ինը անվանակարգ, ինչպես նաեւ «Օսկար» մրցանակ՝ լավագույն օպերատորական աշխատանքի եւ ձայնային էֆեկտների մոնտաժի համար։

Դրան հաջորդել է «Այլմոլորակայինը»՝ հուզիչ պատմություն Էլիոթ անունով մի տղայի մասին, ով ընկերանում է Երկրի վրա հայտնված այլմոլորակայինի հետ: 1982 թվականին թողարկված ֆիլմը դարձավ մշակութային երեւույթ՝մինչեւ 1993 թվականը պահպանելով բոլոր ժամանակների՝ ամենաշատ եկամուտ ունեցող ֆիլմի տիտղոսը։



© NEWS.am STYLE