353 պարուհիների պարը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել

15:21   18 ապրիլի, 2024

Պուանտներով պարող 353 բալերինաների պարը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել։ Պարուհիները հավաքվել էին Նյու Յորքի Plaza հյուրանոցում, որպեսզի գերազանցեին պուանտների վրա պարերի համաշխարհային ռեկորդը, հայտնում է AP-ն։

Ներկայացումը պատրաստվել էր «Ամերիկայի Գրան-պրի երիտասարդներ» կազմակերպության կողմից, որը բալետի կրթաթոշակային ծրագիր է։

Պարին մասնակցում էին կրթաթոշակին հավակնող՝ 9-ից 19 տարեկան բալետի պարողներ, ինչպես նաեւ պրոֆեսիոնալ պարողներ, ովքեր ծրագրի շրջանավարտներից են։

Չայկովսկու երաժշտության ներքո բալերինաները կանգնել են պուանտների վրա եւ մի ամբողջ րոպե կատարել պարային այն քայլը, որը կոչվում է «bourree»:

«Գինեսի» ռեկորդների գրքի դատավոր Թինա Շին արդյունքները հայտարարելիս նշել է. «353՝ սա «Գինեսի» նոր ռեկորդ է: Շնորհավորում եմ»:



© NEWS.am STYLE