«Breaking Bad»-ի աստղ Ջանկառլո Էսպոզիտոն ցանկացել է մարդասպանի վարձել՝ սեփական սպանությունը կազմակերպելու համար

15:12   19 ապրիլի, 2024

«Breaking Bad»-ի աստղ Ջանկառլո Էսպոզիտոն իր կարիերայի ընթացքում մի պահ այնքան կոտրված է եղել, որ մտածել է վարձել մարդասպանի, որպեսզի վերջինն իրեն սպանի՝ իր երեխաներին ապահովագրելու համար:

65-ամյա դերասանը երկար տարիներ աշխատում է Հոլիվուդում, սակայն մեծ ճանաչման հասել է միայն 2008 թվականին՝ շնորհիվ Breaking Bad հեռուստասերիալում Գաս Ֆրինգի դերի։ Մինչ դերը ստանձնելը, Ջանկառլոն սնանկացման եզրին էր։ Դերասանը SiriusXM-ի Jim & Sam փոդքասթի մի դրվագում խոսել է այդ դժվար ժամանակաշրջանի մասին:

Նրա խոսքով՝ հենց այդ ժամանակ է սկսել մտածել ապահովագրական խարդախության մասին։ «Մտածում էի, որ եթե ինձ մեքենա հարվածեր, դա պատահական մահ կլիներ, եւ երեխաներս ապահովագրություն կստանային: Ես չորս երեխա ունեմ։ Ես ուզում էի, որ նրանք արժանապատիվ կյանք ունենան։ Բարդ ժամանակաշրջան էր։ Ես, բառացիորեն, մտածում էի ինքնասպանության մասին, որպեսզի նրանք կարողանային գոյատեւել: Ահա, թե որքան ցածր էի ես ընկել»:

Սակայն դերասանը մտափոխվել է՝ գիտակցելով, թե ինչ ցավ է պատճառելու իր մահը իր ընտանիքին եւ երեխաներին:



© NEWS.am STYLE