Այսօր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 90-ամյակն է

13:03   9 հունվարի, 2014

Այսօր լրանում է հռչակավոր հայ կինոռեժիսոր, սցենարիստ եւ նկարիչ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 90-րդ տարեդարձը:

Փարաջանովը ծնվել է 1924 թվականի հունվարի 9-ին, Թբիլիսիում: 1942թ. ընդունվել է Թբիլիսիի երթուղային տրանսպորտի ինժեներների ինստիտուտ, սակայն մեկ տարի թողնում է այն եւ ընդունվում միանգամից երկու հաստատություն. Թբիլիսիի կոնսերվատորիայի վոկալ բաժին եւ Օպերային կից խորեոգրաֆիայի ուսումնարան: Պատերազմից հետո փոխադրվում է Մոսկվայի կոնսերվատորիա: 1946թ. նա ընդունելության քննություններ է հանձնում ВГИК-ի ռեժիսորայի ֆակուլտետում եւ 1951թ. ավարտում այն: Նրա դիպլոմային աշխատանքը «Անդրիեշ» կարճամետրաժ ժապավենն էր (մոլդովական հեքիաթի հովվի անունով):

1959թ. Փարաջանովը բեմադրում է իր առաջին խաղարկային ֆիլմը՝ «Առաջին տղան» անվանումով, 1961-ին թողարկվում է «Ուկրաինական ռապսոդիա» կինոնովելը, 1962-ին Դովժենկոյի անվան կինոստուդիայում նկարահանվում է «Ծաղիկը քարի վրա» ֆիլմը:

1967 թվականին Փարաջանովին հրավիրում են Երեւանի կինոստուդիա, որտեղ նա սկսում է աշխատել Սայաթ Նովայի մասին պատմող «Նռան գույնը» ֆիլմի ուղղությամբ:

 

1973թ. դեկտեմբերին Փարաջանովին ձերբակալում են՝ տղամարդու բռնաբարության մեղադրանքով եւ դատապարտում 5 տարվա ազատազրկման: 1977թ. դեկտեմբերի 30-ին ռեժիսորն ազատ է արձակում, երբ նրան համաներում շնորհելու խնդրանքով ԽՍՀՄ գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնեւին է դիմում ֆրանսիացի ռեժիսոր Լուի Արագոնը:

Փարաջանովը նաեւ սցենարներ է գրել, եղել է մի քանի բեմադրությունների նկարիչ: 1989թ. նա սկսում է «Խոստովանություն» ֆիլմի ուղղությամբ աշխատանքները, որը պետք է դառնար նրա ինքնակենսագրությունը: Սակայն ռեժիսորն այդպես էլ չի հասցնում այն նկարահանել:

Սերգեյ Փարաջանովը վախճանվել է 1990 թվականին, Երեւանում: Նրա մարմինը հողին է հանձնվել Պանթեոնում՝ Արամ Խաչատրյանի, Վիլյամ Սարոյանի եւ հանրապետության գիտության, գրականության եւ արվեստի մյուս հանճարների կողքին:



© NEWS.am STYLE