Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները

22:34   26 ապրիլի, 2024

Ամուսնուն/կնոջը դավաճանելը ոմանց համար մղձավանջային սցենար է: Սակայն հայտնի նյարդավիրաբույժն ասում է, որ դուք կարող եք հանգիստ լինել՝ իմանալով, որ նման երազները չեն նշանակում, որ ձեր հարաբերությունները վտանգված են:

Իր «This Is Why You Dream» գրքում բժիշկ Ռահուլ Ջանդիալը գրում է, որ նման սեքսուալ երազները զարմանալիորեն տարածված են եւ չեն վկայում ձեր զուգընկերոջը դավաճանելու ցանկության մասին:

«Խաբելու մասին երազները դժվար թե ազդարարեն, որ մենք ուզում ենք դավաճանել»,-գրում է նա գրքում, որից մի հատված հրապարակվել է Daily Mail-ում: «Երազում ձեր զուգընկերոջը դավաճանելը կարող է ավելի շուտ հետաքրքրասիրության եւ նորմալ սեռական գրգռվածության նշան լինել, քան դա անելու ցանկություն»:

Այնուամենայնիվ, Ջանդիալն ասում է, որ այն, թե ինչպես ենք մենք արձագանքում նման «կեղտոտ» երազներին արթուն լինելու ժամանակ, ցույց է տալիս մեր հարաբերությունների իրական վիճակը:

Անառողջ հարաբերություններում անհավատարմության մասին երազները կարող են դրան հաջորդող օրերին հանգեցնել «սիրո եւ մտերմության զգացումների նվազմանը», բայց առողջ հարաբերություններում դրանք «բացարձակապես մեծ ազդեցություն չեն ունենում»:

Նրա խոսքով՝ նախկինի հետ կապված սեքս-երազները նույնպես բավականին տարածված են եւ չեն նշանակում, որ դուք ենթագիտակցորեն ցանկանում եք, որ նա վերադառնա։

«Դուք կարող եք եզրակացնել, թե դա նշանակում է, որ կարոտել եք ձեր նախկինին», -բացատրում է նա,-«Բայց մի շարք ուսումնասիրությունների համաձայն՝  դա ճիշտ հակառակն է նշանակում: Այս երազները, կարծես, օգնում են մեզ մոռանալ մեր նախկին զուգընկերներին: Թերեւս սա, պարզապես, միջոց է բաժանումից հետո մեր զգացմունքները հաղթահարելու»:

Նա նաեւ նշում է. «Մեր սեքս-երազներում մենք շատ ավելի հակված ենք բիսեքսուալության եւ նոր սեռական հարաբերությունների»: Բայց անգամ, եթե երազում տեսնում եք միասեռական հարաբերություններ, դա դեռ չի խոսում ձեր իրական կողմնորոշնան մասին:



© NEWS.am STYLE