Սիլվեստր Ստալոնեի ժամացույցները կհայտնվեն աճուրդում, այդ թվում՝ նրա հավաքածուի «սուրբ գրաալը»

20:26   8 մայիսի, 2024

Սիլվեստր Ստալոնեի ժամացույցները կհայտնվեն աճուրդում՝ ներառյալ նրա հավաքածուի «սուրբ գրաալը»։ Սիլվեստր Ստալոնեն «Ռոքի» ֆիլմի նկարահանումների ավարտից կարճ ժամանակ անց տեսավ Allman Brothers Band-ից Գրեգ Ալմանին, որը քնած էր եւ որի ձեռքին ոսկե ժամացույց կար: Ժամացույցը «ամենագեղեցիկ բանն էր, որ երբեւէ տեսել էի»,-Sotheby's-ի կողմից հրապարակված տեսանյութում պատմում է Ստալոնեն՝ նշելով, որ այդպես է առաջացրել ժամացույցներ հավաքելու իր տասնամյակների սերը, հաղորդում է CNN-ը:

Իսկ հունիսի 5-ին հոլիվուդյան աստղն իր անձնական հավաքածուից 11 ժամացույց է տրամադրելու Նյու Յորքի Sotheby's աճուրդին, այդ թվում՝ հազվագյուտ Patek Philippe Grandmaster Chime-ը, որը նախատեսվում է վաճառել 5 միլիոն դոլարով, ինչպես նաեւ՝ ժամացույցներ, որոնք նա կրել է իր որոշ ֆիլմերում:

Ընդհանուր առմամբ, արտադրվել է Grandmaster Chime-ի յոթ մոդել՝ հաշվի առնելով, որ այն ամենաբարդ մեխանիզմով ձեռքի ժամացույցն է, որը երբեւէ արտադրվել է հայտնի շքեղ ժամացույց արտադրողի կողմից:

Արդյունքում Sotheby's-ը այն անվանել է «Սուրբ Գրաալ» ժամացույցների կոլեկցիոներների համար։ Մոդելը հագեցած է 20 բարդություններով:

«Դրան հասնելը հեշտ չէր»,-ասել է Ստալոնեն,-«Ես ստիպված էի դիմել որոշակի հեղինակությունների, գրել բազմաթիվ նամակներ, եւ նոր միայն որոշվեց, որ ես դառնալու եմ արվեստի այս հոյակապ գործերից մեկի տերը»:

Ժամացույցին կից կան նաեւ այլ հուշանվերներ, այդ թվում՝ նվերների տուփ, որի վրա փորագրված է Ստալոնեի անունը, ինչպես նաեւ iPad եւ Airpods՝ ամբողջական Patek Phillipe պատյանով:

Ըստ կանխատեսումների՝ Nautilus ընտանիքից Patek Philippe-ի մեկ այլ ժամացույց կվաճառվի մինչեւ 400,000 դոլարով: Կանաչ թվատախտակը շրջապատված է 32 Wesselton ադամանդներով եւ տեղադրված է չժանգոտվող պողպատից պատյանում:

Աճուրդում ներառված են մի քանի այլ հայտնի ժամացույցներ, այդ թվում՝ մոդելներ, որոնք ֆիլմերում կրել է Ստալոնեն։

Rolex ժամացույցը, որը թողարկվել է 2016 թվականին՝ ի հիշատակ մոդելի 60-ամյակի, գնահատվում է 50 000 դոլար:

Մինչդեռ կապույտ թվատախտակով եւ վարդագույն ոսկուց պատյանով Audemars Piguet ժամացույցը  գնահատվում է 200 հազար դոլար:

Աճուրդի են հանվել նաեւ Panerai-ի մի քանի ժամացույցներ՝ մի ապրանքանիշ, որը Ստալոնեն երկար ժամանակ գովազդում էր, եւ որը կրել է 1996թ-ին նկարահանված «Կեսօրվա լույսը» ֆիլմում: Ակնկալվում է, որ հատուկ նրա համար ստեղծված մոդելը կվաճառվի 60 հազար դոլարով։



© NEWS.am STYLE