Ինչպե՞ս նորաձեւ հագուստ ընտրել եւ չսխալվել

16:19   12 հունվարի, 2014

Նորաձեւությունը ոչ միշտ է համընթաց քայլում գեղեցկության հետ, եվ երբեմն նորաձեւ զգեստը կարող է ձեզ վրա բոլորովին գեղեցիկ տեսք չունենալ: NEWS.am STYLE-ը ներկայացնում է խորհուրդներ, թե ինչպես նորաձեւ հագուստ ընտրել:

Ժամանակակից նորաձեւությունը մարմնի նիհար կառուցվածք ունեցող կանանց համար է, այդ է պատճառը, որ ավելորդ քաշ ունեցող շատ կանայք, հաճախ գնելով նորաձեւ հագուստ, չեն կարողանում այն հագնել, քանի որ չի սազում իրենց:

Նորաձեւության միտումներին հետեւելու հետ մեկտեղ կարեւոր է, որպեսզի յուրաքանչյուր աղջիկ իրատեսորեն վերաբերվի իր մարմնի կառուցվածքին եւ հագուստ ընտրելիս առաջնորդվի սկզբունքով՝ թաքցնել թերությունները եւ ընդգծել առավելությունները:



Ընդհանրապես, յուրաքանչյուր աղջիկ իր զգեստապահարանում պետք է ունենա հագուստի հիմնական տեսակներից եւ աքսեսուարներից, որոնք համադրելի կլինեն ցանկացած այլ հագուստի հետ: Դասական սեւ տաբատ, ջինս, վերնաշապիկ, մատիտ շրջազգեստ, բարձրակրունկ կոշիկներ եւ այլն. սրանք այն հիմնական հագուստներից են, որոնք միշտ արդիական են եւ համադրելի:




Ցանկացած հագուստ գնելիս մտովի հիշեք ձեր զգեստապահարանը. արդյո՞ք այնտեղ դրան համապատասխան հագուստ կա, եթե ոչ, ապա տվյալ իրը գնելն ուղղակի անիմաստ է: Մի’ խնայեք գումարը պայուսակի եւ կոշիկների վրա, մանավանդ որ՝ այժմ պարտադիր չէ համադրել դրանք իրար հետ:



© NEWS.am STYLE