Ինչո՞ւ են կանայք ապրում չսիրած տղամարդու հետ

22:03   14 հունվարի, 2014

Ինչո՞ւ են ժամանակի ընթացքում միմյանց սիրող մարդկանց զգացմունքները փոխվում: Հաճախ կանայք դժգոհում են իրենց ամուսիններից ու ճակատագրից: Նրանք չեն սիրում կողակիցներին, բայց, չգիտես ինչու, շարունակում են այդ հարաբերությունները, տառապում սեփական անբավարարվածությունից, սակայն ոչինչ փոխել չեն ուզում:

Ինչո՞ւ  են կանայք հարաբերություններ սկսում այն տղամարդու հետ, ում հանդեպ զգացմունքներ չունեն:

Առաջին պատճառ. միայնության վախ


Միայնակ մնալու, որեւէ մեկին պետք չլինելու վախը կարող է վաղ մանկությունից ձեւավորվել: Պատճառները բազմաթիվ են. ծնողները բաժանվել են, հայրը գնացել է ոչ միայն ընտանիքից, այլեւ իր կյանքից, մայրը նրան լքել է կամ քիչ ժամանակ է հատկացրել՝ ավելի շատ զբաղվելով փոքր երեխաներով, աշխատանքով եւ այլն: Մեծանալով՝ աղջիկը ենթագիտակցորեն լքված լինելու վախ է ունենում, եւ որպեսզի խուսափի դրանից, պատրաստ է հարաբերություններ սկսել ցանկացած տղամարդու հետ, ում կհանդիպի կյանքում:

Այս բոլոր վախերը հանգեցնում են ինքնագնահատականի նվազմանը, ինչի արդյունքում դժվար է հավատալ, որ ինքն ավելիին է արժանի: Արդյունքում նա չի փնտրելու իր երազանքների տղամարդուն (այդ կերպարի բացակայության հետեւանքով): Նա պատրաստ է իր հանդեպ ուշադրություն ցուցաբերած առաջին իսկ տղամարդուն նվիրել իր սիրտը: 

Երբ սկսում եք գիտակցել, որ ձեր զուգընկերոջ հանդեպ որեւէ զգացմունք չունեք, այլ նրա հետ ապրելով փորձում եք խուսափել միայնությունից ու ամեն ինչ հանդուրժում եք, ապա պետք է հասկանաք, որ այդ միայն ձեր կյանքն է եւ միայն դուք իրավունք ունեք տնօրինել այն: Եվ եթե ձեզ ինչ-որ բան դուր չի գալիս, կարող եք ամեն ինչ փոխել: Եվ առաջին հերթին պետք է ձեր ինքնագնահատականը բարձրացնեք:

Երկրորդ պատճառ. իմ ընկերներն ու ծնողները հիանում են նրանով


Հարազատների եւ մտերիմների երջանկության մասին հոգ տանելով՝ մենք հաճախ մոռանում ենք մեր մասին: Ինչ-որ բան անելով, անընդհատ հետ նայելով ու շրջապատի կարծիքը լսելով՝ դուք նրանց ձեռքն եք հանձնում ձեր երջանկությունը, իսկ ձեզ դատապարտում եք առանց սիրո կյանքի: Այդ հատկապես կարեւոր է, եթե հարցը ձեր անձնական հարաբերություններին է վերաբերվում:

Պետք է իմանաք, որ զուգընկեր ընտրելիս դո՛ւք պետք է նրա հետ ապրեք, այլ ոչ թե ձեր մայրը կամ լավագույն ընկերուհին: Վախենալով, որ ձեր ընտրությունը չի երաշխավորվի մտերիմ մարդկանց կողմից՝ ինքներդ ձեզ հարցնում եք. ի՞նչ կլինի, եթե ինքնուրույն որոշում կայացնեք: Ձեր հարաբերությունները կվատանան: Այդ դեպքում ստացվում է, որ ոչ ոք ձեզ չի սիրել: Եթե դուք նրանց համար թանկ եք, ապա պետք է հարգեն ձեր ընտրությունը, ընդունեն ձեր որոշումը՝ անկախ նրանից, այդ նրանց դուր է գալիս, թե՝ ոչ: Մարդիկ եսասեր են, ժամանակն է, որպեսզի դուք էլ ձեռք բերեք այդ որակը եւ սկսեք հոգ տանել ձեր մասին:

Երրորդ պատճառ. կախվածություն


Ցավոք՝ մենք ապրում ենք հասարակության մեջ, իսկ այդ նշանակում է, որ բոլորը միմյանցից այս կամ այն պատճառով կախվածության մեջ են: Կախվածությունը կարող է լինել գործնական, ֆինանսական, կեցության վայրի, սեռական եւ այլն: Եթե դուք թույլ եք տալիս տղամարդուն, ով ձեզ հաճելի չէ, վճարել ձեր փոխարեն, ապա նա սկսում է տնօրինել ձեր կյանքը: Դուք նրա համար առարկա եք դառնում, որը նա գնել է: Եթե ձեր ընտրությունը գիտակցված է, ապա դուք ստանում եք այն, ինչին ձգտում էիք: Ավելի վատ է, երբ հանգամանքներն են ստիպում կանանց նման հարաբերությունների զոհ դառնալ:

Ցանկացած իրավիճակից միշտ էլ ելք կա, բայց քչերն են ցանկանում այդ տեսնել: Եթե ցանկանում եք փոխել ձեր կյանքը, ինքներդ ձեզ համար որոշեք, թե ինչումն է կայանում այդ կախվածությունը: Փող: Աշխատանք գտեք, որը թույլ կտա նյութական անկախություն ձեռք բերել: Բնակության վայր: Կրկին պետք է աշխատանք գտնեք, որը ձեզ թույլ կտա բնակարան վարձել: Ընդհանուր գործ: Ընդլայնեք ձեր պարտականությունները կամ պարզապես տարանջատեք բիզնեսը: Բնության մեջ հավասարության օրենք կա. մի տեղում կորցնում եք, մյուսում՝ ստանում ավելին:

Հիշեք, չէ՞ որ մանկության տարիներին երազել եք ինչ-որ բանի մասին: Գուցե ժամանակն է այն իրականացնել, այլ ոչ թե սպասել, որ ձեր փոխարեն այդ մեկ ուրիշն անի:

Չորրորդ պատճառ. վրեժ սիրելիից


Վրեժ լուծելու ցանկությունը բավական ծանրակշիռ փաստարկ է, որպեսզի փչացնեք ոչ միայն ձեր, այլեւ ուրիշի կյանքը: Դուք ո՛չ առաջինն եք, ո՛չ էլ վերջինը, ում սիրտը կոտրել են եւ ցավ պատճառել, սակայն արդյո՞ք այդ առիթ է, որպեսզի հետագայում նույնպես փչացնեք ձեր կյանքը եւ ինքներդ ձեզ զրկեք երջանկությունից: Գուցե ձեր սիրելին գիտակցել է սխալները եւ պատրաստ է շտկել ամեն ինչ, սակայն դուք համառորեն չեք ցանկանում ո՛չ ձեզ, եւ ո՛չ էլ նրան տալ այդ հնարավորությունը եւ շարունակում եք ապրել այն մարդու հետ, ում չեք սիրում: Սա այն դեպքն է, երբ միայնությունը լավագույն ընկերն է: Դուք ժամանակ կունենաք հասկանալու, թե ինչ եք ուզում այս կյանքում:

Ժամանակը բուժում է ցանկացած վերք: Եվ երբ դուք պատրաստ կլինեք հանդիպել նոր սիրուն, այն անպայման կգա:

Հինգերորդ պատճառ. միայնակ լինելը նորաձեւ չէ


Այդ հնարել են կանայք, ովքեր դժբախտ են ամուսնության մեջ: Այդպիսով նրանք փորձում են արդարացնել իրենց սխալները: Անկախ եւ իր ուժերի վրա վստահ կինը հիմա հարգանք է վայելում: Այդպիսի կանայք գիտեն իրենց գինը եւ պատրաստ են սպասել իրենց իրական տղամարդուն:

Սովորեք սիրել եւ վստահել նախ ինքներդ ձեզ: Միայնությունը միշտ չէ, որ վատ է:

Նյութը` man-woman.com.ua կայքի



© NEWS.am STYLE