Կոշիկ` Սուրբ Վալենտինի տոնին ընդառաջ

19:06   1 փետրվարի, 2014

Սուրբ Վալենտինի տոնին ընդառաջ, նորաձեւության աշխարհում երկու կարեւոր իրադարձություն է տեղի ունեցել: Նախ` թողարկվել է Casadei կոշիկի ապրանքանիշի սահմանափակ հավաքածուն եւ երկրորդ՝ Սառա Ջեսիկա Փարքերը ներկայացրել է SJP անվանումով կոշիկների իր առաջին հավաքածուն:

Այս իրադարձությունները կոչված են առավել գունեղ դարձնել երկար սպասված ռոմանտիկ օրն ու ընդգծել այդ կոշիկները հագնողների կանացիությունն ու նրբաճաշակությունը:

Հիմա՝ հավաքածուների մասին: Casadei կոշիկները կարված են կարմրա-բալագույն կաշվից եւ լրացված Casadei-ի հայտնի դետալներով եւ Blade կրունկով: Հավաքածուն վաճառքի է հանվելու փետրվարի 1-ին, casadei.com կայքում:


Ինչ վերաբերում է «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի գլխավոր հերոսուհու կոշիկների հավաքածուին, ապա այստեղ կանանց շուրջ 40 տեսակի կոշիկ է առաջարկվում: Ճանաչված դերասանուհին, ով աշխարհում կոշիկի ամենամեծ հավաքածուն ունեցողն է, գիտի նորաձեւ, գեղեցիկ ու գլխավորը՝ հարմարավետ կոշիկի գինը:


Հավաքածուն ստեղծելիս դերասանուհին համագործակցել է Ջորջ Մալքեմուսի հետ, ով Manolo Blahnik ապրանքանիշի ղեկավարներից է: Հավաքածուն գունային վառ երանգավորմամբ է առանձնանում: Որոշ մոդելներ հիշեցնում են 1970-ական թվականների կոշիկներն ու բոկոտիկները, իսկ մեծ ժապավեններով մոդելները ստեղծելիս, դերասանուհու խոսքով, ոգեշնչվել է մանկությունից:

Երկար սպասված հավաքածուն վաճառքի է հանվելու ձմռան վերջին, սակայն որոշ ինտերնետ-խանութներ փետրվարի 14-ի համար արդեն առաջարկում են նվեր քարտեր՝ նախնական պատվերների համար:

Սուրբ Վալենտինի տոնին ընդառաջ, յուրաքանչյուր աղջիկ պետք է արժանի եւ ճաշակով տեսք ունենա եւ, իհարկե, որակյալ կոշիկն այստեղ պակաս կարեւոր դեր չի խաղում:

Կարինե Աբրահամյան



© NEWS.am STYLE