Պարաֆինով լոգանքներ ձեռքերի համար տնային պայմաններում

20:15   12 փետրվարի, 2014

Եթե ձեռքերն ինտենսիվ խնամքի կարիք ունեն, պարաֆինով լոգանքներ փորձեք: Արդյունքում, որպես կանոն, եղունգներն ավելի ամուր ու գեղեցիկ են դառնում, չեն շերտավորվում, իսկ ձեռքերի մաշկը երիտասարդանում է: Պարաֆինով լոգանքներ կարելի է անել նաեւ տնային պայմաններում:

Այս դեպքում մոմերի համար նախատեսված պարաֆինը հարմար չէ: Հարկավոր է հատուկ կոսմետիկ պարաֆին գնել դեղատնից: Ցանկալի է, որ այն բուրավետ հավելումներ չունենա, քանի որ դրանք կարող են անհատական ալերգիկ ռեակցիա առաջացնել: Իսկ եթե ձեր մաշկն ալերգիկ հակվածություն չունի, կարող եք նաեւ բուրավետ միջոցներով պարաֆին գնել:

Պարաֆինը ձեռք բերելուց առաջ ընտրեք այն տարան, որի մեջ պատրաստվում եք կատարել գործողությունը: Դրանից կախված՝ կկարողանաք համապատասխան քանակությամբ պարաֆին գնել: Կոսմետոլոգները խորհուրդ են տալիս մեկ գործողության համար 500 գրամից ոչ պակաս պարաֆին օգտագործել:

Պարաֆինաթերապիայի սիրահարները հատուկ տարաներ ունեն, որոնցում հեշտությամբ կարելի է հալեցնել այն: Դրանք կարելի է ձեռք բերել խնամքի միջոցներ վաճառող մասնագիտացված խանութներում: Եթե նման տարա չունեք, պարաֆինը կարող եք հալեցնել գոլորշու վրա: Հալեցնելիս ուշադիր եղեք, որպեսզի դրա մեջ ջուր չլցվի, հակառակ դեպքում կփչացնեք ամբողջ գործողությունը:

Պարաֆինով տարայի մեջ մտցնելուց առաջ հարկավոր է ձեռքերը մշակել սքրաբով եւ լվանալ: Հետո խոնավեցնող կրեմ քսեք, այնուհետեւ անցեք պարաֆինաթերապիային: Ձեռքերը պարաֆինով տարայի մեջ պետք է թողնել 20 վայրկյանից ոչ ավելի:

Երբ զանգվածը ձեռնոցի նման պատի ձեր ձեռքերը, կա՛մ տաք ձեռնոց հագեք, կա՛մ պարզապես դրանք սրբիչով փաթաթեք: Հիշեք, որ պարաֆինը կեղտոտելու է այդ իրերը, այդ պատճառով կարող եք այնպիսի ձեռնոց կամ սրբիչ վերցնել, որը կարող եք դեն նետել կամ պահել հատուկ նման լոգանքների համար:

Պարաֆինը ձեռքերին պահեք 30 րոպե, իսկ հետո ջրով լվացեք:

Նյութը՝ mimiton.ru կայքի



© NEWS.am STYLE