Burberry Prorsum-ը ցուցադրել է Բլումսբերիի գեղագիտությունը

19:17   18 փետրվարի, 2014

Բլումսբերին Լոնդոնի ինտելեկտուալ կյանքի ավանդական կենտրոնն է, եւ Քեմդենի հարավային հատվածում տեղակայված հենց այս շրջանն է ներշնչանքի աղբյուր հանդիսացել բրիտանական ճանաչված ապրանքանիշի աշուն-ձմեռ 2014/15 սեզոնի կանացի նոր հավաքածուի ստեղծման համար:

Բեդֆորդ-սքվերի XVIII դարի Գեորգինյան շինությունը, կանաչապատ հրապարակներն ու զբոսայգիները կենդանացել են թագավորական Քենսինգթոն Գարդենսում, որտեղ ավանդաբար անցկացվում են Burberry Prorsum ապրանքանիշի ցուցադրությունները:

Հարուստ գունապնակը ցուցադրության հյուրերին տարել է մինչեւ խոր աշուն, որտեղ զաֆրանի եւ կեղտոտ դեղինի երանգները միախառնվում եւ վերածվում էին մուգ կապույտի եւ անտառային կանաչի:



Խոսելով կերպարների մասին՝ հարկավոր է ուշադրություն դարձնել ծնկից փոքր-ինչ ներքեւ կիսաթափանցիկ շրջազգեստներին, քաշմիրե պոնչոներին եւ վերարկուներին, բայց այս անգամ գրաֆիկական խոշոր նկարները կոտրել էին մինիմալիզն ու միօրինակությունը: Թխկենու տերեւները, աշնանային գույներն ու փայտի երանգների շքերթը Նորաձեւության տան տղամարդկանց հագուստի շարքն էին հիշեցնում, որը ցուցադրվել էր LondonCollections:Men 2014-ի շրջանակում:

Ներկայացված շարքում կարեւոր դեր էին խաղում նաեւ թեթեւ թաշկինակները: Դրանք վերածվում էին շարֆերի եւ երկար շալերի, որոնք բարակ գոտիով նրբագեղորեն հավաքվում էին իրանի շուրջ:

Ցուցադրության ավարտին մոդելները բեմում հայտնվել են անվան սկզբնատառերով զարդարված պոնչոներով:

Գրեգ Ադամս



© NEWS.am STYLE