«Եվրատեսիլ-2014»-ի հայաստանյան մասնակցի երգն ընտրված է

13:27   21 փետրվարի, 2014

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն ուրախությամբ տեղեկացնում է, որ արդեն «Եվրատեսիլ 2014» մրցույթի հայաստանյան մասնակցի երգն ընտրված է: Մրցույթի հայաստանյան գեղարվեստական խումբը ստացել էր հայ եւ օտարազգի կոմպոզիտորների ավելի քան 75 երգ:

«Եվրատեսիլ» մեկնող երգի վերջնական ընտրությունը կատարվել է մի քանի փուլից բաղկացած լսումների, մանրամասն ուսումնասիրությունների եւ մասնագիտական focus group-ի արդյունքում: Հաշվի են առնվել համաշխարհային արդի երաժշտական միտումները, հայաստանյան պատվիրակ Արամ MP3-ի ձայնային տվյալներն ու երաժշտական ճաշակին համապատասխանությունը: Մրցույթի ստեղծագործական խմբի որոշմամբ, ընտրված երգը համանուն տեսահոլովակի հետ համատեղ կհրապարակվի մինչեւ մարտի 15-ը:

Մրցույթն այս տարի կրում է «Join us» (Միացեք մեզ) խորագիրը: Կազմակերպիչների նախաձեռնությամբ, այս տարի յուրաքանչյուր ոք կկարողանա հայտնվել «Եվրատեսիլ»-ում, եթե կատարի «Եվրատեսիլ 2013»-ի հաղթող ճանաչված Դանիայի ներկայացուցիչ Էմիլի դը Ֆորեսթի «Only Teardrops» երգը կամ պարի այդ երգի ներքո՝ տեսագրվելով JoinUs.dk կայքում:

Լավագույն կատարումները կցուցադրվեն մրցույթի էկրաններին, իսկ պարողները կստանան մրցույթի բեմում ելույթ ունենալու հրավեր:

Հիշեցնենք, որ մեր պատվիրակ Արամ MP3-ը դեռեւս փետրվարի 3-ին հանրության դատին էր հանձնել «Only Teardrops» երգի cover տարբերակը՝ իր ոճով ու պատկերացմամբ, հայկական երաժշտական գործիքներով համեմված:



© NEWS.am STYLE