Ինչպես արագորեն շահել տնօրենի վստահությունը

14:32   22 փետրվարի, 2014

Երբ նոր եք աշխատանքի ընդունվում, դեռեւս չգիտեք, թե աշխատավայրում ով՝ ով է եւ ինչպես պետք է պահեք ձեզ: Սակայն մի բան պարզ է. տնօրենն այն մարդն է, ում դուք հաշվետու եք ձեր աշխատանքի եւ քայլերի համար, ուստի աշխատանքի անցնելու առաջին օրերից շահել տնօրենի վստահությունը, նշանակում է` գործի կեսն անել: Ստորեւ ներկայացնում ենք մի քանի խորհուրդ տնօրենի վստահությունն արագորեն շահելու համար:

Միշտ ճիշտ ժամանակին գնացեք աշխատանքի, իսկ եթե հնարավոր է` մի քիչ էլ շուտ, այնպես, որ երբ ամեն անգամ տնօրենն անցնի ձեր աշխատասենյակի կողքով, ձեզ այնտեղ աշխատելիս տեսնի: Այդպես դուք պարտաճանաչ մարդու տպավորություն կթողնեք:

Երբ նա ձեզ որեւէ հանձնարարություն է տալիս եւ հարցնում` «կարո՞ղ եք կատարել», մի ասեք, թե չգիտեք: Դուք պետք է հստակ իմանաք ձեր կարողությունները, այլապես ինչո՞ւ եք անցել աշխատանքի: Կարիք չկա նաեւ չափից դուրս ինքնավստահ արտահայտություններ անել, ինչպես, օրինակ, «այդ ի՞նչ է, որ չանեմ» կամ «դրանից էլ հեշտ բա՞ն»: 

Ի դեպ, լավ կանեք տնօրենի մոտ մտնել նոթատետրով եւ գրիչով, եւ երբ նա ձեզ առաջադրանք տա, անմիջապես գրի առեք դրանք: Գուցե մտածեք, թե այդ կերպ կարող եք մոռացկոտ մարդու տպավորություն թողնել տնօրենի մոտ, բայց իզուր: Տնօրենն անպայման կգնահատի այդ քայլը` համոզված լինելով, որ դուք չեք մոռանա իր հանձնարարությունը կամ դրա կատարման ժամկետը:

Երբեք տնօրենի մոտ մի չարախոսեք գործընկերների հասցեին եւ մի քննարկեք նրանց անձնական կյանքը՝ անկախ այն հանգամանքից, տնօրենը նման խոսակցություն սիրո՞ւմ է, թե՞ ոչ: Հնարավոր է` նա ձեզ փորձում է: Կարիք չկա ասելու, որ չպետք է աշխատակիցների հետ բամբասել նաեւ տնօրենից: Երբեք չեք իմանա, թե ինչ տեսակի մարդկանց հետ գործ ունեք:

Ամենարդյունավետ միջոցը տնօրենին դուր գալու եւ նրա վստահությունը ձեռք բերելու հարցում, իհարկե, աշխատանքը ճիշտ եւ ժամանակին կատարելն է: Նույնիսկ եթե նրան դուր չի գալիս ձեր վարսերի գույնը կամ օծանելիքի բույրը, դա աննշան հանգամանք է դառնում, երբ դուք գերազանց եք կատարում նրա հանձնարարությունները:



© NEWS.am STYLE