Ֆաինա Հարությունյանը դեմ չէ երգչուհիների՝ դիզայներ դառնալուն

14:01   27 փետրվարի, 2014

Դիզայներ Ֆաինա Հարությունյանը դեմ չէ, որ երգչուհիները դիզայներ դառնան եւ հակառակը: Նա կարծում է, որ յուրաքանչյուր մարդ ինքն է ընտրում իր գործունեության ոլորտը եւ ամենեւին էլ չի պատրաստվում քննադատել որեւէ մեկին: NEWS.am STYLE-ի հետ զրույցում դիզայները պատմում է իր նոր՝ «Տիգրան Մեծ» հավաքածուի, «Երեւան մոլ»-ում իր խանութի բացման եւ հայկական նորաձեւության մասին:

Ինչպե՞ս ծնվեց «Տիգրան Մեծ» հավաքածուի գաղափարը:

Ես ինձ ամեն տարի Ամանորին մատանի եմ գնում որպես նվեր, այս տարի էլ որոշեցի գնել, այս անգամ` Տիգրան Մեծի պատկերով ու այդպես միտք առաջացավ, որ ստեղծեմ հավաքածու այդ պատկերով:

Հայկական մոտիվները որքանո՞վ են Ձերը:

Ես միշտ վախեցել եմ հայկական թեմաներով ստեղծագործելուց, քանի որ լավ չգիտեմ հայկական էսքիզները, տարազն ու գույները, բայց մոտ ապագայում ուսումնասիրելու եմ` իր բոլոր մանրուքներով:

Արձագանքներն ինչպիսի՞ն էին:

Հավաքածուն լավ ընդունեցին, քանի որ վաճառքը լավ է, չնայած ո՛չ իմ խանութից եմ վաճառում, ո՛չ էլ ատելիեից. վաճառքը տեղի է ունենում միայն առցանց: Հավաքածուն շարունակական կլինի: Այն նախատեսված է բոլոր տարիքային խմբերի, նաեւ՝ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց համար:

Իսկ անդրադառնալո՞ւ եք մեր մյուս թագավորներին:

Դեռ չգիտեմ, գուցե: Բայց քանի որ հիմա շատ եմ զբաղված «Երեւան մոլ»-ի իմ խանութի աշխատանքներով, մի փոքր ուշ, բայց հայկական թեմատիկան շարունակվելու է:

«Երեւան մոլ»-ում համաշխարային ապրանքանիշերի կողքին կա հայկական «Ֆաինա» ապրանքանիշը: Ինչ եք կարծում, կկարողանա՞ք մրցել այդ ապրանքանիշերի հետ:

Չգիտեմ, ինձ համար էլ է այդ նոր եւ շատ դժվար է: Կփորձեմ ու ամեն ինչ կանեմ, որ մենք նախընտրենք հայկականը: Ոչ այն բանի համար, որ այդ իմն է, այլ որովհետեւ հայկականն էլ ներկայացված լինի:

«Երեւան մոլ»-ով բավարարվելո՞ւ եք, թե՞…

Միայն Երեւանի համար` դեռեւս այո:

«Ֆաինա» ապրանքանիշը ինչքանո՞վ է հասանելի հանրությանը:

Իմ հավակնություններն ավելին են, քան գումար վաստակելը: Ես ուզում եմ, որ «Ֆաինան» ավելի շատ մարդ նախընտրի: Այդ պատճառով էլ իմ հագուստները թանկ չեն ու, բնականաբար, ես ունեմ իմ շահը ու ճիշտ հաշվարկ եմ անում. չմոռանանք իմ առաջին մասնագիտությունը` տնտեսագիտություն եւ մենեջմենթ: Դրա համար էլ երեւի իմ բիզնեսը վատ չի ընթանում:

Կարո՞ղ ենք ասել, որ Ֆաինան բիզնես-լեդի է:

Եթե այս աշխատանքն անելու առումով կարելի է այդպես ասել, ուրեմն` այո:

Նորաձեւության մեջ ի՞նչն է ավելի շատ գրավում Ձեզ:

Նորաձեւ լինելը հարաբերական է. այսօր ինչ-որ բան նորաձեւ է, իսկ վաղը` ոչ: Նորաձեւությունը ավելի շատ բիզնես է: Ինձ ավելի շատ դուր է գալիս գործընթացը, երբ հագուստը ծնվում է:

Հայաստանում կա՞ նորաձեւություն:

Մի քանի տարի առաջ ավելի վատ էր, քան այսօր: Հիմա դիզայներները շատ են, ու ժամանակի ընթացքում իրավիճակն ավելի կլավանա:

Ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ մեր երգչուհիները դառնում են դիզայներ:

Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ երգչուհիները նույնպես դառնում են դիզայներ, նույն ինքը՝ Վիկտորիա Բեքհեմը, ում բոլորն այսօր գիտեն որպես դիզայներ, բայց ժամանակին փոփ երգչուհի էր: Ես դեմ եմ այն կարծիքներին, որոնք վատ են մեկնաբանում երգչուհիների՝ դիզայներ դառնալու փաստը: Ով ինչ ուզում է՝ կարող է դառնալ: Եթե մարդը կարծում է, որ ինքը կարող է այդ անել, ես դեմ չեմ: Եթե դիզայներներն էլ ցանկանում են, կարող են երգել. ինչո՞ւ ոչ: Յուրաքանչյուր մարդ ինքն է ընտրում իր գործունեության ոլորտը, եւ այդ ամենեւին էլ իմ քննադատության խնդիրը չէ:

Հայ դիզայներները միմյանց հետ համագործակցո՞ւմ են:

Ցավոք, հայ դիզայներներն իրար հետ չեն համագործակցում, քանի որ նրանց միջեւ պայքար է: Նրանք քիչ են, բայց հիմնականում միմյանց չեն սիրում, օգնելու փոխարեն խանգարում են: Մեր միջեւ համախմբվածությունը բացակայում է:

Մենք ճաշակո՞վ ենք հագնվում:

Մեր երիտասարդները շատ տարբեր են: Նոր սերունդը ճաշակով է հագնվում, քանի որ այժմ գոյություն ունի համացանցը, եւ նրանք լավատեղյակ են նորաձեւության միտումներին:

Այս գարնանն ի՞նչն է նորաձեւ:

Նորաձեւ են գրվածքներով հագուստները. այն, ինչ ուզում ես աշխարհին ասել, կարող ես հագուստիդ վրա գրել: Նորաձեւ են նաեւ ծաղիկներով նախշերը: Ամենակարեւորը կանացի լինելն է, նույնիսկ եթե սպորտային հագուստ ես հագնում:



© NEWS.am STYLE