Մաֆիայի նախկին ղեկավարի դուստրը GTA խաղի ստեղծողներին գրագողության մեջ է մեղադրել

14:15   28 փետրվարի, 2014

Գամբինո կլանի նախկին ղեկավարի դուստրը՝ Քարեն Գրավանոն, դատի է տվել Rockstar ընկերությանը: Գրավանոն ծրագրավորողներին գրագողության մեջ է մեղադրել: Նա պնդում է, որ առանց իր համաձայնության իր կերպարն ու պատմությունն օգտագործել են Grand Theft Auto V խաղի մեջ:

Գրավանոյի կարծիքով, Grand Theft Auto V քրեական խաղի մեջ, որը վաճառքի է հանվել 2013 թվականի սեպտեմբերին, կերպար է օգտագործված, որն արտաքնապես իրեն է նման: Ավելին, տեսարաններից մեկում օգտագործված են նաեւ հատվածներ իր կենսագրությունից: Խոսքն Անտոնիա Բոտինո անունով հերոսուհու մասին է, ում կարելի է հանդիպել «Թաղում» անվանումով պատահական առաքելության մեջ:

New York Daily News-ի փոխանցմամբ, Գրավանոն, GTA V-ն ստեղծողներին հարգելով հանդերձ, Rockstar-ից 40 միլիոն դոլար է պահանջում: Նրա հայցադիմումում նշվում է, որ իր պատմությունը բացառիկ է եւ միայն ինքը կարող է պատմել այդ մասին:

Նշենք, որ Քարեն Գրավանոն Սալվատորե Գրավանոյի դուստրն է, ով Գամբինո մաֆիայի կլանում մեծ դիրք էր զբաղեցնում, իսկ ձերբակալությունից հետո սկսել է համագործակցել իշխանությունների հետ եւ հրաժարվել է ապօրինի գործերից: Նրա աղջիկը 2011 թվականից մասնակցել է «Գանգսթերների կանայք» ռեալիթի-շոուի նկարահանումներին, որը նվիրված է ձերբակալված մաֆիոզների կանանց եւ դուստրերին: Գրավանոն նաեւ «Գանգսթերի աղջիկը» անվանումով ինքնակենսագրական գիրք է գրել, իսկ այժմ հրատարակության է պատրաստում եւս մեկ ստեղծագործություն:



© NEWS.am STYLE