Փարիզի Նորաձեւության շաբաթ. Lanvin-ի ցուցադրությունը

17:43   1 մարտի, 2014

Փարիզի Նորաձեւության շաբաթվա՝ երկար սպասված երրորդ օրը, միանգամից մի քանի պատճառներով, յուրահատուկ դարձավ: Նախ, հանդիսատեսի դատին հանձնվեցին Balenciaga, Carven, Paco Rabanne, Balmain եւ Nina Ricci նորաձեւության տների հավաքածուները: Հետո՝ այս ցուցադրություններին ներկա էին անհավանական թվով հայտնիներ, այդ թվում՝ Ռիհանան, Քաթրին Դենյովը, Էմմա Ռոբերթսը, Օլիվիա Պալերմոն, Ջեսիկա Ալբան, Աննա Դելո Ռուսսոն, Էմանուել Ալտը եւ շատ ուրիշներ: Սակայն երեկոն փայլեց Lanvin-ի ստեղծագործական տնօրեն Ալբեր Էլբազի շոուով, ով այս տարի նշում է նորաձեւության աշխարհում գործունեության 30-ամյա հոբելյանը:

Աշնանային սեզոնի հարուստ ու կրեատիվ շարքը շատերին է հուզել: Սեւ վերարկուներն ու մի քանի շարքով հյուսված երկար զգեստներն ու կիսաշրջազգեստները, կոստյումներն ու թվիդե կարճ կիսաշրջազգեստները հավաքածուի առաջին տասը կերպարներն էին: Դրանց հաջորդեցին ծալքերով զգեստները, որոնք ցուցադրեցին ապրանքանիշի սովորական դարձած նրբաճաշակությունը՝ արտասովոր նոր ոգով:

Հավաքածուում Ալբերը համարձակորեն փորձարկումներ էր կատարել մորթիով: Սովորական դարձած մուշտակների կողքին, որոնք Միլանի Նորաձեւության շաբաթվա ընթացքում շատ էին, Lanvin-ի դիզայներները ներկայացրեցին մորթե ներդիրներով զգեստներ ու երկար խավով գործվածքով կոստյումներ:

Գրիգոր Ավետիսյան



© NEWS.am STYLE