Փարիզի Նորաձեւության շաբաթ. Louis Vuitton-ի ցուցադրությունը

19:44   6 մարտի, 2014

Փարիզի Նորաձեւության շաբաթվա վերջին օրը Նորաձեւության այս տան համար իր դեբյուտային հավաքածուն է ներկայացրել Նիկոլա Գեսկյերը, ով նախկինում ղեկավարում էր Balenciaga ապրանքանիշը:

«Այսօր նոր օր է, կարեւոր օր»,- աշուն-ձմեռ 2014/15 սեզոնի ցուցադրության հրավիրատոմսերի վրա գրել էր Գեսկյերը: Հավանաբար, մեր օրերի ամենատաղանդավոր ու պահանջված դիզայներներից մեկը գիտեր, որ Louis Vuitton-ի համար իր առաջին հավաքածուն դառնալու է ֆրանսիական լեգենդար ապրանքանիշի նոր ուղենիշը:

Այն, ինչ Louis Vuitton-ի համար ստեղծել էր Մարկ Ջեյքոբսը, կմնա գլամուրային նորաձեւության սիրահարների հիշողության մեջ: Հիմա Louis Vuitton-ից աղջիկը նոր, թարմ ու երիտասար է դարձել, որն իրենից վանում է սեքսուալությունը, փայլն ու հանդգնությունը: Գեսկյերը ներկայացրել է բավական երիտասարդ հավաքածու՝ հարուստ կարճ, ուղիղ շրջազգեստներով, բարձր գոտկատեղով տաբատներով ու կաշվե բոմբերներով:

Ընդհանրապես սպորտային թեման այս հավաքածուում կարմիր գծի նման է անցնում, բայց Գեսկյերը մանրուքների նկատմամբ իր սիրով street-style-ը մեծ քաղաքների փողոցներից ոչ միայն բեմ է բարձրացրել, այլեւ հիանալի համադրել է սպորտայինն ու կանացիությունը: Եթե կաշվե պիջակներ ու բոմբերներ, ապա միայն նեղ թեւերով եւ ուղիղ ձեւվածով, եթե կարճ շրջազգեստ, ապա տակից սպիտակ դասական վերնաշապիկ կամ բարձր օձիքով բրդյա կամ մետաքսե սվիտեր:

Խոսելով նոր շարքի ոգու մասին՝ հարկ է նաեւ նշել կաշվի ու թավշի գերակշռության մասին: Ամերիկայի հնաբնակների ազգային ու ծաղկավոր նախշերը՝ վրայից կարված գրպաններնով ու օձիքներով, թավշե կիսաճտքավոր կոշիկներն ու աղյուսագույն կարճ կիսաշրջազգեստները հիշեցնում էին XX դարի կեսերի վեսթերնը, բայց այս ամենը՝ կրկին նրբաճաշակ մատուցմամբ:

Balenciaga տան նախկին ստեղծագործական տնօրենը չէր կարող շրջանցել իր համար սովորական ֆուտուրիստական գաղափարները: Այս ձեռագիրը կարելի էր նկատել կաշվի ու մետաքսի համադրությամբ զգեստներում եւ, իհարկե հայտնի մեծ թեւերը, որոնք գերակշռում էին Նիկոլայի նախկին աշխատանքներում:

Հավաքածուն հաջողված էր: Այն անցյալի ու ներկայի ռետրո-գույների հիանալի համադրություն էր:

Գրիգոր Ավետիսյան



© NEWS.am STYLE