Սիրուշոն՝ World Music Awards-ի նոմինանտների շարքում ընդգրկվելու, հայկական եւ արտասահմանյան երգարվեստի մասին. Exclusive NEWS.am STYLE

12:05   13 մարտի, 2014

Ինչպես գիտենք ապրիլին նախանշված է ամենամյա Համաշխարհային երաժշտական մրցանակաբաշխությունը՝ World Music Awards-ը, որին մասնակցում են աշխարհի լավագույն արտիստները բոլոր աշխարհամասերից: Այս տարի նոմինանտների շարքում ընդգրկված է մեր հայրենակցուհին՝ Սիրուշոն՝ որպես եվրոպական արտիստ: Սա առաջին դեպքն է, երբ Հայաստանից ներկայացուցիչ է մասնակցում համաշխարհային այս մրցանակաբաշխությանը: Այս մասին  NEWS.am STYLE-ը զրուցեց Սիրուշոյի հետ:

Մեզ համար մեծ հպարտություն էր, երբ իմացանք, որ Դուք մասնակցելու եք Համաշխարհային երաժշտական մրցանակաբաշխությանը: Կպատմեք մանրամասները, ինչպե՞ս ստացաք առաջարկը, ի՞նչ զգացողություն ունեցաք: 

Շնորհակալ եմ. որևէ առաջարկ կամ զգուշացում մինչև ընդգրկվելը չենք ստացել: Իմացել ենք այնպես, ինչպես ողջ աշխարհը՝ պաշտոնական կայքից: Մի օր շնորհավորական նամակ ստացանք մեր արտասահամանյան գործընկերներից մեկից՝ World Music Awards-ի պաշտոնական կայքի հղումով: Չեմ կարող նկարագրել, թե ինչ կատարվեց ինձ հետ: Սա ավելին էր, քան անձնական նվաճում, սա նշանակում էր, որ կարողացել ենք կոտրել մի հսկայական պատ, որը միշտ եղել է մեր և նմանատիպ համաշխարհային միջոցառումների միջև: Ինձ համար կարևոր է նաև այն, որ նոմինացվել եմ հայալեզու երգով Այս մեծամաշտաբ միջոցառմանը մրցանակ ստանալու ակնկալիք իհարկե չեմ կարող ունենալ: Նոմինացված լինելն ինձ համար արդեն ամենաանսպասելի և հաճելի հաղթանակն էր: Ավելի մեծ հաղթանակ էր այն աջակցությունը, որը տեսա իմ հայրենակիցների կողմից. այդ համախմբվածությունը մեր ազգային առանձնահատկություններից իմ ամենասիրելին է: Շնորհակալ եմ այդքան տարածելու և քվեարկելու համար: Հուսով եմ, որ մեր ակտիվությունը կստիպի այս համաշխարհային միջոցառմանը և նմանատիպ միջոցառումներին մեր երկրի հանդեպ ավելի ուշադիր լինել, ընդունել մեր մրցունակությունը և ավելի հաճախ ներգրավել հայ արտիստներին: Իսկ ես կփորձեմ ավելի շատ աշխատել, որպեսզի նորից ընդգրկվեմ նոմինանտների շարքում և ավելի կայուն դիրք ունենամ: 

Ձեր գնահատականը այն, ինչ կատարվում է այսօր հայկական եւ արտասահմանյան երգարվեստում:

Համաշխարհային երգարվեստում անհանգստացնող մի հանգամանք կա՝ մեղեդայնության նվազումը:  Հենց դա է պատճառը, որ վերջին երգիս վրա աշխատելիս ուզում էի, որ այն հնարավորինս մոտ լինի բնությանը ու չափազանց մեղեդային լինի: Չէի ուզում որևէ արհեստական, համակարգչային ձայներ: Նվագակցեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը: Իրական գործիքների հետ աշխատելն ամբողջովին այլ հաճույք է: Ինձ համար սկզբունքային է ուրիշների աշխատանքը չքննադատելը, ուստի հայկական երգարվեստից կնախընտրեմ չխոսել: Ես փորձում եմ նկատել այն լավը, որը կա մեր երգարվեստում, ոչ թե մատնացույց անել վատը: 

Բազում երկրներում համերգային ծրագրով շրջագայել եք: Կա՞ տարբերություն Հայաստանի եւ Եվրոպայի հանդիսատեսի միջեւ:

Իմ ու իմ հանդիսատեսի միջև մի անբացատրելի կապ կա, որը կարող եք զգալ միայն համերգների ժամանակ դահլիճում լինելով՝ լինի դա Հայաստանում, թե որևէ այլ երկրում…

Ճանաչված անձանց նկատմամբ հասարակության ուշադրությունը միշտ էլ մեծ է լինում: Եվ Ձեր ամեն մի խոսքը, գրառումը քննարկման առիթ է դառնում:  Ինչպե՞ս եք վերաբերվում դրան:

Շնորհակալ եմ, որ այդքան ուշադիր են իմ քայլերի հանդեպ: Իրականում ես չեմ սիրում միշտ լինել ուշադրության կենտրոնում, շատ հազվադեպ եմ հարցազրույցներ տալիս կամ հայտնվում հաղորդումներում: Ունեմ իմ պաշտոնական էջերը սոցիալական կայքերում հատուկ այն մարդկանց համար, ովքեր ուզում են միշտ հետևել իմ գործունեությանը: Այնուամենայնիվ, ես չեմ կարող սահմանափակել այն լրատվական միջոցներին, որոնք իմ գրառումները վերցնում և տարածում են: Դրա արդյունքում լինում են պահեր, երբ  ողջ համացանցը լցվում է իմ մասին տեղեկություններով՝ չնայած այն բանին, որ ես նման ցանկություն չեմ ունեցել: 

Բացի հիանալի երգելուց նաեւ երգեր եք գրում: Ո՞րն է ձեր ամենասիրած երգը:

Բոլոր երգերիս հետ կան հիշողություններ և պատմություններ: Ժամանակի հետ երգերս ինձ ավելի հարազատ են դառնում: Ամեն նոր երգով ես ավելի եմ անկեղծանում ինչպես իմ, այնպես էլ իմ  հանդիսատեսի հետ: Ավելի շատ եմ ինձ, իմ պատկերացումները և տեսակը դնում երգերիս մեջ և երբ պահը  գալիս է, երբ պետք է հանձնեմ հանդիսատեսի դատին, այնպիսի տպավորություն է, որ ինձանից մի մաս եմ տալիս:

Հ.Գ. Հիշեցնենք, որ դուք կարող եք քվեարկել մեր սիրելի երգչուհու օգտին:
Սիրուշոն ներկայացված է երեք անվանակարգում.
Լավագույն երգչուհի
Լավագույն երգ (PreGomesh)
Լավագույն տեսահոլովակ (PreGomesh) 

Մելինե Տոնոյան



© NEWS.am STYLE