Դերասանուհի Գվինեթ Փելթրոուն հայտարարել է Քրիս Մարտինից բաժանվելու մասին

13:29   26 մարտի, 2014

Ամերիկյան հայտնի դերասանուհի եւ երգչուհի 41-ամյա Գվինեթ Փելթրոուն 10 տարվա ամուսնությունից հետո բաժանվել է ամուսնուց՝ Coldplay խմբի վոկալիստ եւ դաշնակահար 37-ամյա Քրիս Մարտինից: Այս մասին տեղեկացնում է The New York Post պարբերականը:

Goop.com կայքում (այն պատկանում է Գվինեթին) չորեքշաբթի «Գիտակցված բաժանում» անվանումով հայտարարություն է տեղադրվել:

«Տխրությունը մեր սրտերում՝ որոշեցինք բաժանվել: Մենք ջանասիրաբար աշխատեցինք ե՛ւ միասին, ե՛ւ առանձին՝ հասկանալու համար, թե ինչ կարող է լինել մեր միջեւ եւ եկանք եզրակացության, որ թեեւ շատ ենք սիրում միմյանց, այնուամենայնիվ, առանձին ենք ապրելու»,- նշված է հայտարարության մեջ:

Գվինեթ Փելթրոուն եւ Քրիս Մարտինն ամուսնացել են 2003 թվականի դեկտեմբերին եւ, նախքան Լոս Անջելես փոխադրվելը, անցյալ տարի ապրում էին Լոնդոնում: Զույգը մեկ դուստր եւ մեկ որդի ունի՝ 9-ամյա Էփըլն ու 7-ամյա Մոզեսը: Գվինեթ Փելթրոուն այս տարիներին մնում էր Հոլիվուդի ամենապահանջված դերասանուհիներից մեկը: Իսկ Քրիս Մարտինը Coldplay խմբի հետ այս տարի պատրաստվում է 6-րդ ալբոմը թողարկել:



© NEWS.am STYLE