«Եվրատեսիլ 2014». բացառիկ կադրեր «Not alone» երգի նկարահանումներից (ֆոտոռեպորտաժ)

13:01   29 մարտի, 2014

Արամ MP3-ի «Not alone» երգը շարունակում է «պայթեցնել» «Եվրատեսիլ»-ի Youtube-յան ալիքը: Տեսահոլովակն օրեցօր աննախադեպ ցուցանիշներ է գրանցում: Բացի այդ, բուքմեյքերական հայտնի William Hill գրասենյակն արդեն սահմանել է «Եվրատեսիլ» մրցույթի իր գործակիցները: Արամ MP3-ն «Not alone» երգով ամենաբարձր՝ 2.10 գործակցի է հավակնում:

NEWS.am STYLE-ը ներկայացնում է, թե ինչպես են ընթացել «Not alone» տեսահոլովակի նկարահանումները:


Հիշեցնենք, որ երգի հեղինակն Արամ MP3-ին է, խոսքերինը՝ Գարիկ Պապոյանը, գործիքավորումը կատարել է Լիլիթ Նավասարդյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Գրիգոր Գասպարյանն է: Վերջինը մեզ հետ զրույցում պատմեց, թե ինչպես է ստացել առաջարկը եւ ինչպես է ընթացել նկարահանումը. «Առաջարկը հետաքրքրեց միանգամից, քանի որ երգն ինձ շատ դուր եկավ: Չնայած որ քիչ ժամանակ ունեի, որոշեցի նկարել: Միանգամից պատկերացրի, թե ինչ է պետք նկարել: Տեսահոլովակում ամենակարեւորը դերասանների եւ Արամի էմոցիաներն արտահայտելն է: Ասեմ, որ Արամի հետ շատ հեշտ է աշխատելը: Նա, բացի տեսահոլովակում նկարահանվելուց, մեզ հետ միասին մասնակցել է թե՛ դերասաների, թե՛ ավտոմեքենաների ընտրությանը եւ այլ աշխատանքներին»:


Տեսահոլովակը նկարահանվել է երկու օրվա ընթացքում. առաջին օրը՝ Արամ MP3-ի, իսկ երկրորդ օրը՝ դերասանների մասնակցությամբ հատվածները:

«Not alone»-ի մեջ կա շատ էմոցիա: Այն չունի կրկներգ եւ ֆիլմային ձեւաչափով է կառուցված, այսինքն կա խնդիր, խնդրի լուծում: Երգը լսելուց հետո մարդկանց մոտ դրական նստվածք է մնում: Օգտագործել ենք լարային եւ փողային գործիքներ, էլեկտրոնային բիթ: Բավականին շատ ենք աշխատել այս երգի վրա, քանի որ ցանկանում էինք, որ այն լինի անթերի եւ բացթողումներ չլինեին: Ցանկացած նոտա շատ կարեւոր էր թե՛ ոկալի եւ թե՛ գործիքավորման մեջ»,- ասաց Արամը MP3-ին՝ ավելացնելով. «Շատ շնորհակալ եմ Գրիգոր Գասպարյանին, որ համաձայնեց աշխատել մեզ հետ: Նա շատ պրոֆեսիոնալ անձնավորություն է: Բացի այս, նրա հետ շատ հեշտ է աշխատել: Լինելով մեր լավ ընկերը, միանգամից հասկանում է, թե ինչ է մեզ պետք»:


Երգի բնորոշող 3 բառերն են՝ «պայքարի´ր հանուն սիրո»: «Not alone»-ի խորհուրդը այն է, որ տարիների ընթացքում ձեռք բերվածը շատ հեշտ է կորցնելը: Այն պետք է պարզապես կարողանալ պահել:

«Երգի մեջ ընդհանրապես ագրեսիա չկա: Երգի առանձնահատկություններից է, որ այն ո՛չ տարիք է հարցնում, ո՛չ ազգություն: Այս խնդիրը բոլոր մարդկանց մոտ կա: Երգն այնքան էներգիա ունի իր մեջ, որ որոշեցինք այն անպայման ներկայացնել Եվրոպային: Իրականում ստացել ենք այն, ինչ ուզում էինք»,- ասաց Արամը:

Տեսահոլովակում Արամի MP3-ի եւ դերասանների ոճով զբաղվել է նկարիչ-մոդելավորող Արամ Նիկոլյանը:

«Իմ կարծիքով, Արամ MP3-ի տեսքը ստացված կարող ենք համարել, քանի որ այն համապատասխանում է ե՛ւ Արամի կերպարին, ե՛ւ երգի բովանդակությանը: Հագուստը մոդելավորել եմ «Not alone» երգի ներքո: Թե՛ կաշին եւ թե՛ հագուստի վրայի աքսեսուարները այս տարի արդիական են»,- ասաց Արամ Նիկոլյանը:

Արամ MP3-ին, խոսելով իր արտաքինի մասին, ասաց. «Հիանալի աշխատանք է կատարել Նիկոլյանը: Երբ առաջին անգամ տեսա, երկար ժամանակ բերանս բաց էր մնացել (ծիծաղում է)»:

Հիշեցնենք, որ տեսահոլովակը youtube-ում ավելի քան 1միլիոն 300 հազար դիտում ունի:

Միացեք Արամ MP3-ի պաշտոնական էջերին սոցցանցերում`
Facebook.com Official
Twitter.com Official Page 
Instagram.com Official Page

Լրագրող՝ Մելինե Տոնոյան
Լուսանկարիչ՝ Արսեն Սարգսյան 



© NEWS.am STYLE