Իրինա Թովմասյանը՝ կնոջ երջանկության գաղտնիքի, կանանց միամսյակի եւ կրկին մայրանալու մասին (ֆոտո)

16:45   7 ապրիլի, 2014

Հայաստանում ապրիլի 7-ը նշվում է որպես մայրության եւ գեղեցկության օր: Գարնանային այս հիանալի տոնը լավագույն առիթն է՝ գնահատելու գեղեցիկը, կարեւորելու կնոջ դերը հասարակության մեջ եւ ամենաջերմ մաղթանքները սփռելու համար: 

Կնոջ երջանկության գաղտնիքի, կանանց միամսյակի եւ այլ հարցերի շուրջ NEWS.am STYLE-ը զրուցել է 2001 թվականին «Միսս Հայաստան» դարձած գեղեցկուհի Իրինա Թովմասյանի հետ:

«Իմ կարծիքով՝ կնոջ երջանկության գաղտնիքը լիարժեք ընտանիքի մեջ է, այսինքն՝ ամուսինը, երեխաները, կնոջ եւ ամուսնու ծնողնորը, քույրը, եղբայրը: Յուրաքանչյուրը կնոջ կյանքում իր ուրույն տեղն ունի»,- ասաց Իրինան:


Գեղեցկուհին չի ընդունում, որ երբեմն կանայք առաջին տեղում իրենց աշխատանքն են դասում:

«Ես ինձ չեմ կարող պատկերացնել առանց աշխատանքի: Սակայն երբեք առաջնային ինձ համար չի եղել աշխատանքս: Առաջնայինն իմ ընտանիքն է, իսկ աշխատանքը երկրորդական է»,- նշեց Իրինան: 

Խոսելով կանանց միամսյակի մասին՝ նա նշեց. «Ինձ համար ամբողջ տարին է տոն եւ ամբողջ տարվա ընթացքում շատ հետաքրքիր եւ անմոռանալի պահեր եմ ապրում: Չնայած կանանց միամսյակը փոքր-ինչ առանձնանում է նրանով, որ դու այդ օրերին սպասում ես անակնկալների, իսկ մնացած օրերին այդ անսպասելի է լինում: Այս տարի միամսյակը շատ լավ անցավ: Արդեն հասցրել եմ թե՛ նվերներ ստանալ, թե՛ նվիրել»:


Բազմաթիվ հետաքրքիր եւ յուրօրինակ նվերներ ստացած գեղեցկուհու համար ապրիլի 7-ի ամենամեծ նվերն այն էր, որ տեղեկացել է երրորդ դստեր մասին:

«Կանանց միամսյակին ամենանվիրական պարգեւն այն էր, երբ իմացա, որ բալիկի եմ սպասում: Երրորդն էլ է աղջիկ (ժպտում է), որի համար թե՛ ես, թե՛ ամուսինս շատ ուրախ ենք: Շատ եմ սիրում աղջիկ եեախա, իհարկե, տղա էլ, բայց աղջիկներին արդեն սովորել եմ»,- նշեց Իրինան՝ ավելացնելով. «Այս տարիներին ամենանշանավոր նվերն ինձ համար եղել է մեծ աղջկաս՝ Մեգիի նվերները: Մեգին դեռ փոքրուց սիրում էր նվիրել իր նկարած նկարները: Մինչ օրս պահում եմ անգամ այն խզբզանքը, որ արել է: Ամուսնուս կողմից էլ շատ նվերներ եմ ստացել եւ ստանում եմ: Ինչ-որ ցանկացել եմ ունենալ, ամուսինս այդ մասին իմանալով, նվիրել է»:

Նշենք, որ Իրինայի երրորդ աղջիկը լույս աշխարհ կգա սեպտեմբերին: NEWS.am STYLE-ը գեղեցկուհի մայրիկին շնորհավորում է ե՛ւ մայրության ու գեղեցկության տոնի, ե՛ւ կրկին մայրանալու առթիվ՝ ցանկանալով գարնանային վառ եւ գունազարդ օրեր:

Պատրաստեց՝ Մելինե Տոնոյանը



© NEWS.am STYLE