Ծաղիկներ Երեւանի քաղաքապետի կողմից. հիստերիայի թեմա՞

21:14   8 ապրիլի, 2014

Համացանցում երեկ տեսա «Ազատություն» ռադիոկայանի տեսանյութը՝ Հանրապետության հրապարակում ապրիլի 7-ի առիթով Երեւանի քաղաքապետի անունից ծաղիկների եւ բացիկների բաժանման մասին։ Տեսանյութը հիմնականում ուշադրությունս գրավեց հայ վիրտուալ հասարակության հիստերիկ արձագանքի պատճառով։

Անտեղյակներին հաղորդեմ, որ տեսանյութի մեջ երեւում է, թե ինչպես են մի խումբ կանայք ու երեխաներ շրջապատել տղային, ով կանգնած է վարդերով լի մեծ զամբյուղը ձեռքին եւ քաղաքավարությունից շատ հեռու շարժումներով փորձում են խլել քաղաքապետական անվճար վարդերը։

Տեսարանը, մեղմ ասած, հաճելիներից չէր։ Ագրեսիվ տիկնայք վճռականորեն որոշել էին ամեն գնով ստանալ իրենց «վաստակած նվերը»։ Անվճարը հզոր ուժ է։ Ինչպիսի սարսափելի կերպարանափոխության էին ենթարկվել կանացի երբեմնի քնքուշ դեմքերը, թվում էր՝ եւս մի քիչ եւ հերթը «սառը զենքին» է հասնելու՝ կոշիկի կրունկի տեսքով, որպեսզի հնարավոր լիներ մաքրել ալ վարդին հասնելու ճանապարհը։

Բայց ինձ ամենից շատ զվարճացրեց հայ վիրտուալ հասարակության արձագանքը։ «Ամոթ եւ խայտառակություն», «Ուր ենք հասել», «Ես ամաչում եմ, որ հայ եմ», «Արդյո՞ք սրանք կին են», «Այս ինչ դեմքեր են», խղճուկ տեսարան, սարսափելի, մղձավանջ եւ, իհարկե, սրբազան արտահայտությունը. «Էտ ենք, էլի»։ Մի խոսքով՝ բոլորը, առանց բացառության, շտապեցին արտահայտել իրենց հին հայկական «քաղաքակիրթ» «թուհ»-ը։ Ինքնախարազանման երանգով քննադատության շարք, ոմանք նույնիսկ տեսանյութի մեջ քաղաքական ենթատեքստ տեսան։ Ասել է թե՝ ուր հասցրեց իշխանությունը մեր խեղճ կանանց։ Մյուսները լրագրողներին կոչ արեցին չցուցադրել նման բաներ եւ «չխայտառակել ազգը»։ Մի խոսքով, ընկերնե՛ր, տիեզերածավալ ցավալի ողբերգություն։

Ես համաձայն եմ, որ հպարտության առիթները քիչ են, սակայն պետք չէ հիստերիա բարձրացնել։ Ինչպես նշեցինք, անվճարը հզոր ուժ է։ Եվ ազգությունն այստեղ կապ չունի։ Անվճարին տրվում են բոլորը. ե՛ւ ռուսները, ե՛ւ վրացիները, ե՛ւ ամերիկացիները, ե՛ւ եվրոպացիները: Այդպիսին է մարդը, չի կարողանում զսպել իրեն՝ նույնիսկ գիտակցելով, որ անվճար պանիր միայն մկան թակարդում է լինում։ Հաց եւ տեսարան։ Հին հռոմեական այս իրականությունը մինչեւ օրս գործում է։ Թե՛ մեկը, թե՛ մյուսը, իհարկե, ցանկալի են եւ երբեմն նույնիսկ անպայման անվճար։

Ինչի՞ համար գլխին մոխիր լցնել։ Ինչ էլ ասենք, հայերը սիրում են ցանկացած առիթով քննադատել իրենց։ Հավանաբար, դրա մեջ յուրօրինակ ինքնախարազանման հաճույք կա։

Անշուշտ, ես հիացած չեմ հրապարակի կանանց վարքագծից, բայց առիթ չեմ տեսնում հնագույն հայ ժողովրդի «բարոյական անկումն» այսպես լայնածավալ քննարկելու։ Ավելին, ես վստահ եմ, որ եթե անվճար վարդեր բաժանեին Բրյուսելի, Մոսկվայի կամ Կատմանդուի քաղաքապետերը, նույնն էր լինելու։ Տարբերությունն այն է, որ մենք՝ հայերս, հերթ չենք սիրում։ Ռուսաստանում մարդիկ պատրաստ են ժամերով հերթ կանգնել, հատկապես անվճար ինչ-որ բանի համար։ Այո՛, փնթփնթում են, բայց համբերում են։ Այն դեպքում, երբ մեր բուռն խառնվածքը չի կարողանում նույնիսկ 5 րոպե հերթ կանգնել։ Հայկական օրգանիզմը քայքայում է էներգիան, այն առաջնորդություն եւ ելք է պահանջում։ Այն, ինչը մյուս երկրներում հերթ է կոչվում, մեզ մոտ անկառավարելի քաոսի է վերածվում։ Դրա վառ օրինակն են օդանավակայանները. Երեւանի չվերթներն անմիջապես կարելի է նկատել ցանկացած երկրի օդանավակայանում, ագրեսիվ մարդկանց անպատկառ բազմություն, որտեղ յուրաքանչյուրը փորձում է առանց հերթի անցնել՝ կարծես վախենալով, որ ինքնաթիռն առանց իրեն կթռչի։

Այնպես որ, թանկագիններս, ներողամտության կոչ եմ անում։ Իսկ հայ բծախնդիր «մտավորականներին» խորհուրդ եմ տալիս ավելի հաճախ մեր կանանց ծաղիկներ նվիրել, որպեսզի հաջորդ անգամ նրանք ավելի քիչ ամաչեն, որ «հայ են»։

Ալեքս Ալիխանյան



© NEWS.am STYLE