«Գահերի խաղը» սերիալի չորրորդ սեզոնի թրեյլերում հայտնվում են Պուտինը, Տիմոշենկոն, Օբաման եւ Մերկելը

14:48   9 ապրիլի, 2014

Համացանցում հայտնվել է «Գահերի խաղը» կրկնօրինակող հոլովակ՝ ուկրաինա-ռուսական կոնֆլիկտի մոտիվներով: Հանրահայտ սերիալի չորրորդ սեզոնի՝ «Ռուսական գարուն» ենթավերնագրով թրեյլերում հայտնվում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ուկրաինայի ներկա եւ նախկին վարչապետեր Արսենի Յացենյուկն ու Յուլիա Տիմոշենկոն, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ այլք:

«Գահերի խաղն» ամերիկյան հայտնի հեռուստասերիալ է, որը ստեղծվել է գրող Ջորջ Մարթինի «Սառույցի եւ Հրի երգը» վիպաշարի հիման վրա: Սերիալի առաջին սեզոնի պրեմիերան ԱՄՆ-ում կայացել է 2011 թվականի ապրիլին, մինչեւ 2013-ը բոլոր երեք սեզոններն ամբողջությամբ ցուցադրվել են:

Սերիալն առաջադրվել է բազմաթիվ հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ «Էմմի»-ի (երկու անգամ)՝ որպես լավագույն դրամատիկ սերիալ: Պարգեւներ են ստացել նաեւ սերիալում նկարահանված դերասանները:

Հեռուստանովելի չորրորդ սեզոնի պրեմիերան կայացել է ապրիլի 6-ին, ամերիկյան НВО կաբելային հեռուստատեսությամբ, եւ ռեկորդային՝ 8.8 մլն հեռուստադիտող է ունեցել:

Այսօր HBO հեռուստաալիքը հայտարարել է, որ սերիալը նաեւ հինգերորդ եւ վեցերորդ սեզոններ է ունենալու:



© NEWS.am STYLE