«Շատ դժվար է, կարոտում եմ նկարահանումները». NEWS.am STYLE-ի հարցազրույցը Մերի Մակարյանի հետ

11:36   10 ապրիլի, 2014

«Դժվար ապրուստ» սերիալի ավարտից եւ «Հարազատ թշնամի» սերիալում իր կարճ դերից հետո դերասանուհի Մերի Մակարյանն այլեւս չի երեւում հեռուստաէկրաններին։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Մերին պատմեց դրա պատճառների, նոր առաջարկների եւ անձնականի մասին։

Մերիի խոսքով՝  առաջարկներ եղել են եւ կան, սակայն ինքը դեռ սպասում է, իսկ այդ ընթացքում զբաղվում իր հիմնական աշխատանքով՝ ձայնային կրկօրինակմամբ։ «Սերիալից հետո ինչ-որ մի դադար էր պետք։ Առանձնապես չեմ շտապում, առաջարկներ կան, դեռ սպասողական վիճակ է»,-նշեց դերասանուհին։

Պատասխանելով մեր հարցին, դժվար չէ՞, արդյոք, առանց նկարահանումների եւ տեսախցիկների, Մերին նշեց. «Շատ դժվար է, շատ կարոտում եմ հին օրերը, նկարահանումները, շատ հաճելի օրեր են եղել»։


Մերի Մակարյանն իր հաջողված դերերից առանձնացնում է հենց Մերիի դերը։ Խոսելով կյանքում կնոջ դերի մասին, դերասանուհին ասաց, որ, առաջին հերթին, դա մայրանալն է, ապա հավելեց.

«Կինն ամեն ինչ կարող է անել, նրա դերն ամենագլխավորն է ընտանիքում՝ թե’ տղամարդու, թե ‘ երեխաների եւ թե’ հոր եւ մոր։ Ըստ իս՝ կինն ամենահզոր, անսպասելի եւ անկանխպատեսելի էակն է, որն ամեն ինչի պատրաստ է հանուն ընտանիքի։ Ես կուզենամ, որ կինը պահպանի իր դերը կյանքում, որովհետեւ շատ մեծ պատասխանատվություն կա կնոջ կյանքում։ Նա իր մատի մեկ հարվածով կարող է ամեն ինչ փոխել»։

Անդրադառնալով անձնական կյանքում փոփոխություններին, Մերին ասաց, որ իր կյանքում այս պահին ոչ ոք չկա. «Ազատ սավառնում եմ»,-եզրափակեց նա։

Զրուցեց՝ Շուշան Շատիկյանը



© NEWS.am STYLE