Հայ երգչուհի Արծվիկ Հարությունյանի փայլուն ելույթը Մոսկվայում

12:47   14 ապրիլի, 2014

Մոսկովյան ակումբներից մեկում կայացել է հայ երգչուհի, ռուսական «Ձայն» նախագծի մասնակից Արծվիկ Հարությունյանի համերգը:

«Երեկոն ինձ համար հրաշալի էր, քանի որ առաջին անգամ կատարեցի WHY հեղինակային երգը, որն ինձ համար գրել են եղբայրս՝ Արթուր Պետրոսյանը (Արթուր Best) եւ Իա Ջգերենայան: Վերջապես այն ներկայացրի հանդիսատեսին: Ինձ համար կարեւոր էր նաեւ իմ մտերիմ ընկերուհու՝ Մարգարիտա Պոզոյանի հետ զուգերգը, ինչի համար աննկարագրելի ուրախ եմ: Իհարկե, շատ շնորհակալ եմ բոլորին, ովքեր եկան ինձ աջակցելու. Սաշա Պատայոտովին, Գայանե Զախարովային, Պոլինա Զիզակին, Նաստյա Սպիրիդոնովային»,- նշել է Արծվիկը: Հետաքրքիր է, որ երաժշտական կրթություն չունեցող Արծվիկը երգերը մատուցում է պրոֆեսիոնալ երաժշտի նման:

Պարզվում է՝ մինչեւ հիմա Արծվիկը չի կարողանում հանգիստ բեմ դուրս գալ. «Ամեն անգամ բեմ եմ դուրս գալիս ինչպես առաջին անգամ, շատ եմ հուզվում, ամբողջ մարմնով դողում եմ: Իսկ ընդհանրապես, երբ հուզմունք կա, այսինքն՝ ադրենալին, ամբողջ ջանքերդ ես ներդնում: Մյուս կողմից՝ ճիշտ չէ, երբ թուլացած ես. հոգի չի լինում: Իսկ այսպես ես բեմ եմ դուրս գալիս եւ վերապրում յուրաքանչյուր երգը: Այսօր ամեն ինչ մի շնչով անցավ, համերգն ինձ համար արագ ավարտվեց: Բոլոր տասներկու երգերը: Մի խոսքով՝ անսահման ուրախ եմ»:

«Շատ շնորհակալ եմ Jazz Parking-ին: Երաժիշտներին. յուրաքանչյուրին առանձնաբար: Բոլորին, ովքեր աջակցում են ինձ. այնքան մարդ էր եկել, ում ես չէի էլ ճանաչում: Մի բան է, երբ մտերիմներդ են գալիս, իսկ այստեղ անծանոթ հանդիսատես է, եւ այնքան հաճելի է, որ մարդիկ մոտենում եւ ասում են. «Արծվիկ, մենք երազում էինք մասնակցել Ձեր համերգին»: Այն շատ հաճելի է, եւ տա Աստված, որ այսուհետ համերգներս հեղինակային լինեն, ավելի քիչ քավեր-տարբերակներ լինեն, չնայած դրանք նույնպես սիրում եմ, յուրովի եմ կատարում: Ուրախ եմ, որ այսօր մեզ հետ էին նաեւ մեր պատանի անդամները՝ Եգոր Կլինաեւն ու Սյուզի Մխիթարյանը»,- հավելել է երգչուհին:



© NEWS.am STYLE