Մերսում սառցե խորանարդիկներով. վեց արտասովոր բաղադրատոմս

20:12   16 ապրիլի, 2014

Սառցե մերսումը հատկապես օգտակար է լոգանքից հետո: Սառցե խորանարդիկների օգնությամբ մերսումը մաշկին տոնուս հաղորդող հաճելի եւ փորձված միջոցներից մեկն է: Այն նաեւ մաշկին առողջ ու գեղեցիկ գույն է հաղորդում:

Առաջարկում ենք 6 արտասովոր բաղադրատոմս, որոնք գործողությունը բազմազան կդարձնեն: Մաշկը չսառեցնելու համար այն պետք է մերսել, խորանարդն անընդհատ շարժելով՝ առանց նույն հատվածի վրա պահելու: Մերսման համար բավական է 2-3 սառցե խորանարդը: Մերսումից հետո ցանկալի է երեսը ցողել սառը ջրով եւ սրբիչով չորացնել: Հետո պետք է դեմքին խոնավեցնող կրեմ քսել:

Սառցե խորանարդները կարելի է օգտագործել ոչ միայն մերսման համար, այլ նաեւ մաքրել դեմքը՝ օգտագործելով որպես տոնիկ: Կախված սառեցման համար նախատեսված հեղուկի բաղադրատոմսից՝ կարելի է վերացնել մաշկի ցանկացած խնդիր:

Անանուխի

Այդպիսի սառույցը հիանալի թարմացնում է մաշկը ու նույնիսկ փոքր-ինչ սպիտակեցնում այն: Անանուխի թուրմով պատրաստված սառցե խորանարդներն օգնում են բշտիկների հակում ունեցող մաշկին եւ նույնիսկ հարթում են փոքր կնճիռները:

1 բաժակ անանուխի տերեւների վրա 1 բաժակ եռացրած ջուր լցնել: Փակ տարայի մեջ թրմել 40 րոպե, որից հետո քամել ու սառեցնել:

Սրոհունդի սառույց

Օգտակար է ցանի դեպքում եւ լավ է ազդում լայնացած անոթների վրա:

2 ճ/գ խոտաբույսերի եւ սրոհունդի ծաղիկների վրա 1 բաժակ եռացրած ջուր լցնել: Ապակե փակ տարայի մեջ թրմել մեկ օր եւ սառեցնել:

Եղեսպակի սառույց

Եղեսպակի բույսը եթերային յուղեր է պարունակում, որոնք կարգավորում են արյան շրջանառությունը:

1 բաժակ եղեսպակի տերեւների ու ծաղիկների վրա 1/2 լիտր եռացրած ջուր լցնել: Փակ տարայի մեջ թրմել 40 րոպե, որից հետո քամել ու սառեցնել:

Ցիտրուսային

Մաշկին տոնուս է հաղորդում եւ հանում հոգնածությունը: Ցիտրուսային սառույցը սնուցում է մաշկը՝ այն դարձնելով հարթ ու առաձգական:

1 նարնջի եւ մեկ մանդարինի կեղեւի վրա 1/2 լիտր եռացրած ջուր լցնել: Ապակե տարայի մեջ թրմել մեկ օր, որից հետո քամել ու սառեցնել:

Մրգային

Հատապտուղներից պատրաստված սառույցը վնասազերծում է մաշկը: Մրգային հյութը նեղացնում է ծակոտիներն ու հարթում փոքր կնճիռները:

Պատրաստման համար անհրաժեշտ է 200 գրամ դեղձ, ձմերուկ, սեխ կամ սալոր: Օգտագործել այս մրգերի հյութից պատրաստված սառույցը:

Խատուտիկով սառույց

Ինչպես երիտասարդության էլիքսիր՝ սնուցում ու վերականգնում է թոշնած մաշկը: Խատուտիկի սառույցը հիանալի միջոց է առաջին կնճիռների դեմ: 500 գրամ երիտասարդ տերեւներից ու կիսաբացված ծաղիկներից հյութ քամել, ավելացնել 1 ճ/գ ձիթապտղի յուղ ու սառեցնել:

Աղբյուրը՝ hochu.ua



© NEWS.am STYLE