Ալլա Պուգաչովան դարձավ 65 տարեկան

13:49   15 ապրիլի, 2014

Ռուսական էստրադայի Պրիմադոննա Ալլա Պուգաչովան այսօր 65 տարեկան է դառնում: Ալլա Բորիսովնան ծննդյան տարեդարձը նշելու է Մերձմոսկվայի Գրյազ գյուղում, սեփական ռեստորանում ու բաղնիքում:

Ալլա Բորիսովնան ծնվել է Մոսկվայում: 16 տարեկանում առաջին անգամ բեմ է բարձրացել «Ռոբոտ» երգով, իսկ 10 տարի անց Բուլղարիայում ՝ «Ոսկե Օրփեոս» փառատոնին կատարել է «Առլեկինո» հիթը, որն էլ նրան ամբողջ Խորհրդային Միությունում ճանաչում է բերել:

Պրիմադոննան շուրջ 100 ալբոմ է թողարկել՝ ընդհանուր 250 միլիոն օրինակով:

Ալլա Պուգաչովան, ում համերգների ընթացքում դահլիճը միշտ լեփ-լեցուն է լինում, բեմից հեռացավ ուղիղ 5 տարի առաջ, իր 60-ամյա հոբելյանին: 2009-2010 թվականներին նա հրաժեշտի համաշխարհային շրջագայություն ունեցավ՝ «Սիրո մասին երազներ» անվանումով:

Հիշեցնենք, որ 1997 թվականին Ալլա Բորիսովնան «Պրիմադոննա» երգով մասնակցել է «Եվրատեսիլ» մրցույթին՝ գրավելով 15-րդ տեղը:

Ստեղծագործական կյանքին զուգահեռ՝ Ալլա Պուգաչովան նաեւ հասարակական գործունեությամբ է զբաղվում: 1998թ. նա դարձել է ՄԱԿ-ի երեխաների հիմնադրամի դեսպանը: 2006-2009 թվականներին եղել է ՌԴ Հանրային պալատի անդամ, սոցիալական եւ ժողովրդագրական քաղաքականության հանձնաժողովի անդամ:

2012 թվականից նա «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության դաշնային քաղաքացիական կոմիտեի անդամ է, որի հետ համագործակցում է անկուսակցական հիմունքներով:

Ալլա Բորիսովնայի առաջին ամուսինը եղել է կրկեսի արտիստ, լիտվացի Միկոլաս Օրբակասը: 1971 թվականին այդ ամուսնությունից ծնվել է աղջիկը՝ Քրիստինա Օրբակայտեն, ով Օրբակայտեն երգիչ եւ դերասանուհի է, ՌԴ վաստակավոր արտիստուհի:

Պուգաչովան նաեւ ամուսնացած է եղել ռեժիսոր Ալեքսանդր Ստեֆանովիչի, պրոդյուսեր Եվգենի Բոլդինի հետ: 1994-2005 թվականներին Ալլայի ամուսինը եղել է Ֆիլիպ Կիրկորովը: 2011թ. դեկտեմբերից ամուսնացած է երգիծաբան Մաքսիմ Գալկինի հետ: Նրանք երկու երեխա ունեն՝ Ելիզավետան եւ Հարրին, ովքեր լույս աշխարհ են եկել 2013 թվականի սեպտեմբերի 18-ին, փոխնակ մոր միջոցով:



© NEWS.am STYLE