Ալլա Պուգաչովայի թշնամիների հնգյակը

15:34   15 ապրիլի, 2014

Ալլա Պուգաչովան այսօր նշում է իր 65-ամյա հոբելյանը: Ivona  կայքն առանձնացրել է Պրիմադոննայի թշնամիների հնգյակը, ում աստղը հաստատ չի ցանկանա տեսնել իր ծննդյան տոնին:

Ալլա Պուգաչովայի ստեղծագործական վառ ուղին ընդմիշտ տեղ է գտել երկրպագուների սրտերում: Բայց այդպիսի կինը չի կարող յուրաքանչյուրին ընկեր լինել: Մտերիմների հետ նրա հարաբերությունները միշտ կտրուկ են եղել. կա՛մ սեր, կա՛մ ատելություն, բայց՝ ամբողջ սրտով: Ներկայացնում ենք աստղերի հնգյակին, որոնց հաջողվել է հայտնվել Պրիմադոննայի սեւ ցուցակում:

Օթար Կուշանաշվիլի: Սկանդալային լրագրողն ու հաղորդավարը մի անգամ Ալլա Բորիսովնային մահ է ցանկացել: Հետագայում տղամարդը խոստովանել է. «Մի անգամ, երբ խմած է, մաղթեցի, որ նա սատկի: Ի՞նչ էի խմել, ընդամենը 8 շիշ վիսկի: Կարմրահեր Իվանուշկան ճաշին ավելի շատ է խմում: Ես կարծում էի, որ այդ ժամանակ կատակել եմ»: Պրիմադոննայի պատասխանը կտրուկ էր. դատական հայց: Դրանից հետո 5 տարի Օթար Կուշանաշվիլին զրկվել է աշխատանքից եւ ոչ մի այլ հեռուստաընկերությունում չի կարողացել հաղորդավարի աշխատանք գտնել կամ կորպորատիվ երեկոներ վարել: Այդ շրջանում նաեւ Քրիստինա Օրբակայտեի թիկնապահները նրան դաժանորեն ծեծել են:

Ջունա Դավիթաշվիլի: Հայտնի հեքիմը ՍՍՀՄ-ում ճանաչում է ձեռք բերել Պրիմադոննայի կայացման տարիներին: Կանայք ռեստորանում կռիվ են սարքել, որից հետո մամուլում երկար ժամանակ բամբասանքներ էին պտտվում այդ մասին: Միայն տարիներ անց Ջունան ասել է. «Ամեն ինչ խմելու պատճառով էր: Մենք խմբով նստած էինք: Ալլան հետեւի կողմից բռնել էր մազերիցս ու հրամայում էր. «Խմիր, ասում եմ»: Դե, նա Ալլան էր, ինչպե՞ս կարող էի մերժել: Այդ պահին ինչ-որ բան կատարվեց ինձ հետ եւ ես մոխրամանով հարվածեցի նրա գլխին: Այնքան արյուն եկավ, որ մտածեցի, թե սպանել եմ»: Դրանից հետո աստղերի ճանապարհները բաժանվել են: Ջունան Պրիմադոննային իր ոխերիմ թշնամի, միաժամանակ՝ «լավ կին» է համարում:

Իլյա Ռեզնիկ: Նրանց ճանապարհները խաչվել են այն ժամանակ, երբ Ալլա Բորիսովնան որոշել է Իլյա Ռեզնիկի կնոջն օգնել բաժանվել ամուսնուց: Մունիրան մամուլին պատմել է պոետի դավաճանությունների մասին եւ հրապարակավ ապահարզան պահանջել: Երբ գործով սկսել է զբաղվել Պուգաչովան, Ռեզնիկը փորձել է նրան զրկել իր երգերը կատարելու իրավունքից: Այդ էլ դարձել է երկար տարիներ ձգվող հակամարտության պատճառ: Ռեզնիկը պատմել է. «Հավանաբար, Ալլան շատ պատճառներ ունի ինձ հետ չշփվելու: Երբ ընտանեկան խնդիր կար, ես նրան օգնեցի, բազմաթիվ աշխատասենյակներ տարա: Նա այդ իրավիճակում իր անօգնականոթյունը ցուցադրեց, շատ դռներ փակ էին նրա առջեւ: Իսկ Ալլան ամուսնալուծության ընթացքում օգնեց նախկին կնոջս: Ինչո՞ւ: Բացի այդ, վերցրեցի բոլոր բանաստեղծություններիս հեղինակային իրավունքը: Իսկ նա այդ պատճառով ինձ իր թիվ մեկ թշնամին հայտարարեց»:

Վլադիմիր Ժիրինովսկի: 2012 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ նախագահի թեկնածուներ Միխայիլ Պրոխորովի եւ Վլադիմիր Ժիրինովսկու բանավեճերի ընթացքում վերջինն իսկական սկանդալ բարձրացրեց՝ վիրավորելով իր ընդդիմախոսի վստահված անձին՝ Ալլա Պուգաչովային: «Դուք՝ արտիստներդ, ինչպես ամենավերջին մարմնավաճառ, փողի համար ցանկացած ղեկավարի տակ պառկում եք: Այդպես պառկել եք Բրեժնեւի տակ, Գորբաչովի, Ելցինի, Պուտինի: Վաղը գնամ Կրեմլ, բոլորդ կպառկեք, իսկ ես կթքեմ ու ոտքերս կմաքրեմ ձեզ վրա: Ամոթ ձեզ, ամոթ»,- հայտարարել էր Ժիրինովսկին:

Ավելի ուշ նա հավելել էր. «Ալլան օրենքներ չի կարդում: Նա մի օրենք ունի. հինգ րոպեն մեկ փոխել ամուսիններին»: Ի պատասխան՝ Ալլան նրան ծաղրածու էր անվանել ու փակել թեման:

Իգոր Կրուտոյ: Երկար տարիներ Ալլա Պուգաչովան «Նոր Ալիք» մրցույթի մուսան էր համարվում, որի կազմակերպիչը Իգոր Կրուտոյն էր: Բայց այն բանից հետո, երբ Պրիմադոննան որոշեց հիմնել երիտասարդ կատարողների իր մրցույթը, Կրուտոյը կտրուկ արձագանքեց. Պրիմադոննային զրկել են մուսայի կոչումից: «Իմ կարծիքը հետեւյալն է. մարդը, ով մի փառատոնի մուսան է, չի կարող նմանատիպ մեկ այլ փառատոն ստեղծել: Այդ նույնն է, եթե ես սկսեմ անել «Սուրբ Ծննդյան հանդիպումներ 2»: Եվ ֆորմալ առումով իրավացի կլինեի: Իսկ մնացած առումներով՝ ոչ»,- խոստովանել է Իգոր Կրուտոյը: Այժմ աստղերը չեն շփվում, իսկ միջոցառումների ընթացքում երբեմն չեն էլ բարեւում միմյանց:



© NEWS.am STYLE