Աբրամովիչն Իսրայելում հյուրանոցային 111 լյուքս է պատվիրել՝ հրեական Զատիկը նշելու համար

15:48   15 ապրիլի, 2014

Լոնդոնյան «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, ռուսական միլիարդատեր Ռոման Աբրամովիչը պատրաստվում է մեծ շուքով նշել հրեական Զատիկը՝ Պեսախը (ապրիլի 14-ի երեկոյից մինչեւ 21-ի երեկո): Աբրամովիչն արդեն 111 լյուքս սենյակ է պատվիրել Միցպե-Ռամոն հանգստավայրի մոտակայքում գտնվող իսրայելական անապատում տեղակայված շքեղ հյուրանոցներից մեկում:

Կիրակի Աբրամովիչը սիրելիի՝ Դարյա Ժուկովայի եւ երեխաների հետ սեփական ինքնաթիռով ժամանել է Իսրայել: Իսկ օդանավակայանից հյուրանոց ընտանիքին փոխադրել է նախապես պատվիրված լիմուզինը:

Սպասվում է, որ միլիարդատերը հարազատների եւ ընկերների հետ շքեղ հյուրանոցում կիջեւանի մինչեւ հինգշաբթի: Դրա համար Ռոմանը շուրջ 450 հազար դոլար է վճարել:

Ամենամյա տոնի ժամանակ հրեաներն ավանդաբար հիշում են Եգիպտոսից հեռանալու եւ իրենց ժողովրդի 400-ամյա ստրկությունից փրկության պատմությունը:

Նշենք, որ Ռոման Աբրամովիչը հաճախ է լինում Իսրայելում: Անցյալ տարի նույնպես նա Զատիկը նշել էր այդ երկրում: Ընդհանուր առմամբ, 2013 թվականին միլիարդատերն Ավետյաց երկրում հինգ անգամ է եղել:

Աղբյուրը՝ lady.ru



© NEWS.am STYLE