Վալերիայի ամուսինն ընդդեմ Վոլոչկովայի. «Ո՛չ ես, ո՛չ Վալերիան երբեք «քաղաքական պոռնիկ» չենք եղել»

11:47   16 ապրիլի, 2014

Ռուսական շոու-բիզնեսի աստղերի պատերազմը շարունակվում է: Երգչուհի Վալերիայի ամուսինը՝ պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը, պատասխանել է պարուհի Անաստասիա Վոլոչկովային, ով երգչուհուն մեղադրել էր քաղաքական պոռնկության մեջ:

Վոլոչկովան Կիեւում իր հոլովակի շնորհանդեսի ժամանակ հստակեցրել էր, որ այդպիսիք համարում է կոնկրետ պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինին եւ նրա կնոջը՝ երգչուհի Վալերիային, քանի որ, նրա համոզմամբ, հենց այդ զույգն է ռուսական արտիստներին կոչ անում բոյկոտել ուկրաինական համերգները:

Վալերիան շատ է վրդովվել իրեն հասցրած վիրավորանքի համար եւ որոշել է դիմել դատարան: Անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստելու է փաստաբան Սերգեյ Ժորինը:

«Նա ամեն ինչ հորինել է եւ վիրավորել մեր ընտանիքի պատիվն ու արժանապատվությունը: Մենք երբեք չենք ասել, որ պետք է ուկրաինական արտիստներին արգելել ելույթ ունենալ Ռուսաստանում եւ չենք ասել, որ ռուսական արտիստները չպետք է ելույթ ունենան Ուկրաինայում: Ո՛չ ես, ո՛չ Վալերիան երբեք «քաղաքական պոռնիկ» չենք եղել, ինչպես մեզ կոչել է այդ տիկինը, ով իրեն բալետի արտիստուհի է համարում: Այդ ամենն արվում է PR-ի համար, որը նա կառուցում է մարդկանց դժբախտության վրա: Ինչպիսի մարդ պետք է լինել, որպեսզի գնալ պատերազմի եզրին գտնվող երկիր եւ սադրանքով զբաղվել»,- ասել է Իոսիֆը:

Պրոդյուսերին իր հասցեին վիրավորանքի մասին պատմել են ապրիլի 14-ին: Նա անմիջապես զանգահարել է Վոլոչկովային, որպեսզի անձամբ հարցնի՝ ասե՞լ է նման բան, թե՞ ոչ: «Ես զանգահարեցի նրան, հարգանքով խոսեցի, բացատրեցի, որ կոնֆլիկտը կարելի է հարթել ներողության միջոցով, իսկ նա պատասխանեց, որ իրեն ձեռնտու է, ինչպիսի PR կլինի հիմա իր համար: Ես պարզապես տարակուսանքի մեջ եմ»,- պատմել է Պրիգոժինը: Հիմա Վալերիան եւ նրա ամուսինը մտադիր են օրենքով պատժել իրենց վիրավորողին:



© NEWS.am STYLE