Ի պաշտպանություն Կոնչիտա Վյուրստի

21:09   16 ապրիլի, 2014

Եվ այսպես, տիկնայք եւ պարոնայք, սկսեք: Հուսով եմ՝ պահուստավորել եք անհրաժեշտ քանակությամբ քարեր ու ջահեր, որպեսզի դրանք նետեք հեղինակի վրա, իսկ հետո այրեք նրան: Կամ էլ առաջարկում եմ մասնատել ինձ, հետո գլուխս կտրել եւ դնել Հանրապետության հրապարակում: Հենց այսպես պետք է վարվի բարեկիրթ հայ քրիստոնյան բոլոր նրանց հետ, ովքեր առանձնանում են ամբոխից, ովքեր չեն տեղավորվում նրանց քաղքենի աշխարհում, ովքեր նման չեն հնագույն ազգին, որն առաջինն է քրիստոնեություն ընդունել: Ամեն դեպքում, այսպիսի տպավորություն է ստեղծվում, երբ կարդում ենք հայ օգտատերերի մեկնաբանությունները՝ յուրաքանչյուր սուր եւ ոչ այնքան սուր թեմաների վերաբերյալ: 

Հեռավոր Ավստրիայում ապրող Կոնչիտա Վյուրստը չի էլ կասկածում, թե ինչ բուռն զգացմունքներ է արթնացրել հայկական համացանցային դաշտում եւ թե ինչ են պատրաստվում նրա հետ անել մեր հայ մաչոները, ի դեպ, ոչ միայն նրանք: Միայն չեմ հասկանում, թե ինչու: Տղամարդը կնոջ նման է հագնվում, հետո՞ ինչ: Չէ՞ որ նա գիշերները նորածնի արյուն չի խմում ու չի հավակնում Հայաստանի նախագահ դառնալ: Ի՞նչ գործ ունեն հայերը ավստրիացի տրանսգենդերի հետ: Եթե դուր չի գալիս՝ մի՛ կարդա, մի՛ դիտիր, ինչո՞ւ լայն զանգվածներին ցույց տալ սեփական խավարամտությունը, սպառնալ այրելով եւ այլն: Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ մենք՝ հայերս, ամենից արնախում ազգն ենք:

Ռազմատենչ վայրենիներ, ովքեր ձգտում են ամբողջ աշխարհին ցուցադրել իրենց ագրեսիվ հետերոսեքսուալությունը, քանի որ, դատելով ամեն ինչ, այլ բան չունենք ցուցադրելու:

Եվ խոսքը միայն հայ հասարակության որոշ հատվածի արձագանքի մասին չէ: Այրելու, կոտրելու, սպանելու, ծեծելու ցանկություն հայերը բոլոր դեպքերում են ցուցադրում, երբ խոսքն ինչ-որ արտասովոր, միջին վիճակագրական սահմաններից դուրս եկող երեւույթի մասին է: Մի անգամ Երեւանում զբոսնելիս երկար մազերով, մորուքով, պատռված ջինսով երկու տղայի նկատեցի, ովքեր ոչ այն է՝ ռոքեր էին, ոչ այն է՝ փանկ. ես այնքան էլ չեմ հասկանում այդ մշակույթից: Միանգամից նշեմ, որ հայ էին: Իհարկե, նրանց արտաքին տեսքը չէր համապատասխանում մայրաքաղաքային «ախպերության» այն պատկերացումներին, թե ինչպիսի տեսք պետք է ունենա «իսկական հայ տղամարդը»: Դատելով անցորդների արձագանքից՝ նրանք այդ որպես մարտահրավեր էին դիտարկում, նրանց աչքերում կայծակ էր ճայթում, բերանները բացվել էին՝ անխնա կլանելով օդը: Եվս մի քիչ եւ նրանք կուրծք կծեծեին եւ Տարզանի ճչոցներով կհարձակվեին այդ դժբախտների վրա:

Այդ պահին արյունահեղություն տեղի չունեցավ, բայց մտավախություն ունեմ, որ այդ երկու համարձակներն այդպես էլ չեն կարողացել առանց արկածների նպատակակետին հասնել: Եվ սա ընդամենը մի փոքրիկ օրինակ է: Ցանկացած թեմա՝ լինի համասեռամոլության, «կարմիր խնձորի», էմո-անչափահասների մասին, յուրաքանչյուր առանձնահատկության դրսեւորում, որը, ըստ ռաբիսների պատկերացումների, չի համապատասխանում «հայկական արժեքներին», պետք է հիմնովին վերացնել:

Որտեղի՞ց մեր մեջ այսքան անհանդուրժողականություն: Չէ՞ որ դա մարդկային հարաբերությունների մաս է, եւ դրանք ամենուրեք նույնն են, եւ մենք՝ հայերս, բացառություն չենք: Գուցե ժամանակն է ընդունել, որ մենք էլ կարող ենք ազատ ապրել:

Մի իմաստուն մարդ, ցավոք՝ չեմ հիշում անունը, մի անգամ ասել է. «Ձեր անձնական կյանքն իմ քթի ծայրի մոտ է ավարտվում»: Թեեւ հայկական քիթը մեծ չափսեր ունի, այնուամենայնիվ, գուցե դադարենք այն մտցնել այնտեղ, որտեղ պետք չէ եւ սկսենք լիաթոք շնչել: Քանի որ անհանդուրժողականությունը, խավարամտությունն ու անբարյացկամությունը դեպի ինքնաոչնչացում ու ֆաշիզմ տանող ուղիղ ճանապարհն է:

Ալեքս Ալիխանյան



© NEWS.am STYLE