Զատկի հավկիթ ներկելու բնական եղանակներ

16:11   17 ապրիլի, 2014

Մոտենում է Քրիստոսի Հարության տոնը` Սուրբ Զատիկը, որի գլխավոր խորհրդանիշերից մեկը ներկված հավկիթն  է: Ճիշտ է, այն հիմնականում ներկում են կարմիր գույնով` ի նշան մարդկության համար Քրիստոսի թափած արյան: Սակայն քիչ չեն նաեւ տնային տնտեսուհիները, ովքեր երեխաներին ուրախացնելու կամ բազմազանության համար հավկիթը ներկում են նաեւ այլ գույներով: NEWS.am STYLE-ն այսօր ներկայացնում է տարբեր գույներով զատկական հավկիթը ներկելու բնական եղանակներ։


Կարմիր գույնի համար անհրաժեշտ է ունենալ կարմիր սոխի կեղեւ, որը պետք է լցնել ջրի մեջ եւ դրանով եփել հավկիթները։

Կապտա-մանուշակագույն երանգ ստանալու համար կարելի է օգտագործել սառեցրած հապալաս, որը պետք է լցնել ջրի մեջ եւ թողնել սառչի, այնուհետ հանել հապալասները եւ ջրի մեջ դնել հավկիթները։

Կապույտ երանգ ստանալու համար պետք է կտրատել մանուշակագույն կաղամբը, լցնել  եռման ջրի մեջ, ավելացնել քացախ եւ թողնել, որ սառչի, այնուհետ հավկիթները դնել հեղուկի մեջ։

Դեղին երանգի համար պետք է օգտագործել դեղին խնձորի կեղեւը։ Այն պետք է 20 րոպե եռացնել ջրի մեջ, ավելացնել քացախ։ Նմանատիպ երանգի համար կարող եք օգտագործել նաեւ դեղին սոխի կեղեւը։

Կարմրա-նարնջագույնի համար վերցրեք կարմիր պղպեղ, լցրեք եռման ջրի մեջ, ավելացրեք քացախ։ Դեղնա-նարջա-կարմիրի համար կարող եք օգտագործել նաեւ կոճապղպեղ, նարինջ եւ ստեպղին։ Սկզբունքը նույնն է՝ նշված մթերքները եռացնում եք ջրում՝ ավելացնելով քացախ։

Շագանակագույնի համար պետք է սուրճը խառնել քացախի հետ։

Վարդագույնի համար կարմիր ճակնդեղը կտրատել, եռացնել ջրի մեջ, ապա թողնել, որ սառչի եւ ավելացնել հավկիթները։



© NEWS.am STYLE