Քնելու դիրքից կարելի է որոշել, արդյո՞ք երջանիկ եք ամուսնական կյանքում

21:15   18 ապրիլի, 2014

Քնելու դիրքից կարելի է որոշել, արդյո՞ք երջանիկ եք ամուսնական կյանքում։ Ամբողջ աշխարհում հայտնի բրիտանական գիտնականները հետազոտություն են անցկացրել ամուսնական զույգերի՝ քնելու ամենահայտնի դիրքերի մեջ եւ պարզել են, որ այն զույգերը, որոնք միմյանցից 7 սանտիմետրից քիչ հեռավորությամբ են քնում, ավելի գոհ են իրենց հարաբերություններից, քան նրանք, ովքեր 70 սանտիմետրից ավելի հեռավորություն են պահպանում։

The Telegraph-ը, հղում կատարելով Էդինբուրգի գիտության միջազգային փառատոնի շրջանակում կատարված հարցման արդյունքներին, գրում է, որ միմյանց շատ մոտ քնող զույգերի 86 տոկոսը գոհ է հարաբերություններից, այն դեպքում, երբ մեծ տարածության վրա քնող զույգերի շրջանում գոհ է միայն 66 տոկոսը։

Զույգերի 12 տոկոսը քնում է 7 սմ-ից պակաս, իսկ 2 տոկոսը՝ 70 սմ հեռավորությամբ։ Ամուսինների 42 տոկոսը հայտարարել է, որ նախընտրում է քնել մեջք մեջքի, 31 տոկոսը՝ նույն ուղղությամբ, 4 տոկոսը՝ դեմքով մեկը մյուսին պառկած։

Բացի այդ, պարզվել է, որ ամուսնական կյանքում երջանիկ են այն զույգերը, ովքեր քնելու ընթացքում մարմնով հպվում են միմյանց։ Նրանց 94 տոկոսը գոհ է հարաբերություններից, այն դեպքում, երբ այն զույգերի դեպքում, ովքեր նախընտրում են քնի ընթացքում չհպվել միմյանց, հարաբերություններից գոհ է ընդամենը 68 տոկոսը։



© NEWS.am STYLE