«Կիկոսի մահը». Ֆատալիզմ հայկական ձեւով

22:04   18 ապրիլի, 2014

Դուք հեքիաթներ սիրո՞ւմ եք: Ես պարզապես պաշտում եմ, մինչեւ հիմա վերընթերցում եմ՝ չնայած պատկառելի տարիքիս եւ ամեն անգամ բացահայտումներ եմ անում: Իմ կարծիքով, ժողովրդական հեքիաթները ճիշտ արտացոլում են այս կամ այն ազգի բնույթն ու էությունը: Մարդը, ով կարողանում է հեքիաթներ գրել, պարզապես հանճար է: Վերջերս զարմուհուս համար կարդում էի Հովհաննես Թումանյանի «Կիկոսի մահը»: Հիանալի ստեղծագործություն է, նրբորեն նկարագրում է հայերի ազգային առանձնահատկությունները: Դրանում իմաստություն կա ու բարի ինքնահեգնանք, եւ այն մինչ օրս արդիական է: Ավելին, ես կասեի, որ այն այսօր ավելի արդիական է, քան երբեւէ: Այդ փոքր, թվում է՝ մանկական ստեղծագործության մեջ ինչ-որ չափով հայերի ողբերգությունն արտահայտված, թեկուզ հեգնական իմաստով: Տաղանդների՝ սեփական թուլությունները ծաղրելու ուժ, ինչն էլ Թումանյանն արել է:

Մի պահ մտածեք, Կիկոսը խորհրդանշական, ես կասեի՝ մետաֆիզիկական կերպար է: Բայց այդ կերպարը ցուցադրում է հայերի տանջվելու պահանջը ցանկացած առիթով, ինչն իրականում չկա ու, հավանաբար, չի էլ լինի: Այդ մեր ազգի հոգեբանական առանձնահատկությունն է, սեփական ցավի մազոխիստական ցուցադրական դրսեւորումը, դրա հետ մեկտեղ՝ զուրկ առողջ դատողությունից եւ համարժեք եզրահանգումների ընկալումից: Կիկոսը, ըստ էության, մեր հայկական ամեն ինչն է, մեր Ալֆան ու Օմեգան: Ցանկացած հայ ու հայուհի մորական կաթի հետ վերցնում է այդ «անխուսափելի Կիկոսի» զգացողությունը, նրանք մտնում են նրա ճակատագրի մեջ, ողբում դառն արցունքներով: «Կիկոսի մահը» հայկական ֆատալիզմ է, տաք լավաշի, ծիրանի չրի բույրով ու քարե անապատի քամով: Ես այդ հեքիաթը հոգեբանական լուրջ հետազոտության առարկա կդարձնեի, որը կբացատրեր մեր շատ բացթողումներն ու վերելքները: Այն բացատրում է հայ ազգի հոգին, նրա էությունը, նրա անտանելի գոյության զգացումը:

Կիկոսն ինչ-որ առումով բացատրում է հայերի վախը նորի ու անհայտի նկատմամբ: Հենց Կիկոսն է մեզ՝ հայերիս ստիպում հիշատակներ կազմակերպել եւ թաղել անհասկանալի մտքերն ու նորարարությունները՝ առանց դրանց էությունը հասկանալու: Հենց Կիկոսն է հայերին ստիպում սարերում մնալ եւ իրենց մոտ չթողնել «այլասերված» այլազգիներին: Եվ հենց այդ Կիկոսն է մեզ սովորեցրել բոլորից բարձր ծիծաղել ինքներս մեզ վրա: Իհարկե՝ այնպես, որ այդ ոչ ոք չտեսնի…

Ալեքս Ալիխանյան



© NEWS.am STYLE