«Չափազանց սեքսուալ» լինելու համար արաբական երկրներում արգելել են եգիպտական «Ոգու գեղեցկություն» ֆիլմը

15:48   18 ապրիլի, 2014

38-ամյա լիբանանյան դերասանուհի եւ երգչուհի Հայֆա Վահբիի մասնակցությամբ «Ոգու գեղեցկություն» ֆիլմը Եգիպտոսում արգելել են: Պատճառը ֆիլմի՝ «չափազանց սեքսուալ» լինելն է: Al Arabya News-ի փոխանցմամբ, ֆիլմի ցուցադրությունն արգելել է Եգիպտոսի վարչապետ Իբրահիմ Մահլաբը:

Նման որոշում են կայացրել նաեւ ԱՄԷ-ի իշխանությունները: Եգիպտական ընկերության նկարահանած ֆիլմը պատմում է գիշերային ակումբի երգչուհու մասին, ով ամուսնու անհետանալուց հետո դարձել է բանվորական թաղամասի տղամարդկանց կրքի առարկան: Որոշ քննադատներ նշել են, որ «Ոգու գեղեցկություն» ֆիլմը, ըստ էության, իտալական «Մալենա» ժապավենի կրկնօրինակն է, որտեղ գլխավոր դերում հանդես էր եկել Մոնիկա Բելուչին:

«Ոգու գեղեցկություն» ֆիլմը Եգիպտոսի կինովարձույթում հայտնվել է ապրիլի 3-ին: Դրանից անմիջապես հետո եգիպտական մամուլը հեղեղվել է հոդվածներով, որոնք ֆիլմի ստեղծողներին մեղադրում են «պոռնոգրաֆիայի» եւ Հայֆի Վահաբիի մարմինը ցուցադրելու չափազանց մեծ հակվածության համար:

Ֆիլմն արգելելու պաշտոնական պատճառը դրանում առկա երկու տեսարաններն են. գլխավոր հերոսուհու բռնաբարությունն ու նրա մասնակցությամբ սիրային տեսարանը:

ԱՄԷ-ի՝ մեդիայի հարցերով Ազգային խորհուրդը նույնպես արգելել է երկրի տարածքում ֆիլմի ցուցադրությունը: Իշխանությունները պնդում են, որ հիմք են ընդունել քաղաքացիների բազմաթիվ բողոքները:

Ֆիլմն արգելել են նաեւ Քաթարի եւ Բահրեյնի իշխանությունները:



© NEWS.am STYLE